Երգչուհի Ալլա Լևոնյանը վթարի է ենթարկվել

Նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում «Աբովյան պուրակ»-ում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Ալա Լևոնյանի վարած Toyota Highlander մակնիշի ավտոմեքենան և 40-ամյա Արթուր Գևորգյանի վարած Zhongtong մակնիշի ավտոբուսը:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:   Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Վաղարշակ Սարգսյանը:   Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:   Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:   Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է Ալլա Լևոնյանը, ով վթարային իրավիճակ է ստեղծել ավտոբուսի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:   Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը, իսկ ավտոբուսն էլ հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում:   Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota-ի վարորդը հայտնի երգչուհի Ա. Լևոնյանն է: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել սոց․ ցանցերում