Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիան երկկողմ հարց է: Եվ համանախագահներն են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները։ Այս մասին ասել է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների բացման եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և հավելել. «Ինչ վերաբերում է այս գործընթացում Ռուսաստանի մասնակցությանն ու դերին, ապա մենք միշտ պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել։ Մենք միշտ պատրաստ ենք աջակցել, տրամադրել փաստաթղթեր, այդ թվում քարտեզագրական փաստաթղթերը, որոնք պատմականորեն գոյություն ունեն Ռուսաստանում»:
Հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ, Օվերչուկի խոսքով, պաշտոնապես գոյություն ունի աշխատանքային խումբ. «Վերջին անգամ մենք հավաքվել ենք հունիսի 2-ին։ Մեղրիով երկաթուղու շինարարության մեկնարկի մասին համատեղ հայտարարության տեքստը նույնպես մեծ մասամբ պատրաստ է։ Ինչ վերաբերում է ճանապարհի անմիջաբար կառուցմանը, ապա գիտեք, որ Ադրբեջանն արդեն սկսել է Իրանի տարածքով ավտոմոբոլիային ճանապարհի շինարարությունը՝ շրջանցելով Հայաստանի տարածքը։ Որքան մեզ հայտնի է, Ադրբեջանի և Իրանի միջև նաև հուշագիր է ստորագրվել Իրանի տարածքով Հայաստանի տարածքը շրջանցող երկաթուղու կառուցման վերաբերյալ»։
Անդրադառնալով Հայաստանում «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցմանը՝ նա նշել է, որ դա շատ կարևոր ենթակառուցվածքային ծրագիր է, որը Իրանից Հայաստանի տարածքով կանցնի Վրաստան. «Եվ, իհարկե, հաշվի առնելով Վերին Լարսը՝ այն նաև շատ կարևոր դեր կունենա մեր Հյուսիս-Հարավ միջանցքում։ Մենք վստահ ենք դրանում»։
