ԱՄՆ-ում Արկանզաս նահանգի ավագ դպրոցի ուսուցչուհուն դատապարտել են 6 տարվա պայմանական ազատազրկման՝ 17-ամյա դեռահասի հետ սեռական հարաբերություն ունենալու համար: Այս մասին հայտնում է Arkansas Democrat-Gazette-ը։
Լիթլ Ռոք քաղաքի 30-ամյա բնակչուհի Ստեֆանի Ռենե Ալմոնդը խուսափել է բանտից՝ իրեն մեղավոր ճանաչելով երրորդ աստիճանի բռնաբարության մեջ: Հանցագործությունները կատարվել են 2021 թվականի ապրիլից մայիս ընկած ժամանակահատվածում։ Ոստիկանության զեկույցների համաձայն՝ աշակերտի հետ Ալմանդի ոչ պատշաճ հարաբերությունների մասին պատմել են տղայի համադասարանցիները։
Նրանք պնդում էին, որ ուսուցչուհու և իրենց ընկերոջ միջև տարօրինակ հարաբերություններ են առաջացել. կինը նրան առանձնացնում էր մյուսներից և ավելի շատ ժամանակ անցկացնում նրա հետ: Բացի այդ, Ալմանդը տղայի հետ երկտողեր էր փոխանակում։ Ինքը հարցաքննության ժամանակ հաստատել է, որ ավելի ուշ կինն իրեն հրավիրել է իր տուն, որտեղ գայթակղել է տղային։ Ընդհանուր առմամբ, նա երկու անգամ այցելել է Ալմանդի տուն:
Ընդ որում, դեռահասը հայտարարել է, որ տեսակցությունների ժամանակ Ալմանդն իրեն օգնել է դասերի պատրաստման հարցում եւ շփվել նրա հետ կողմնակի թեմաներով։ Դպրոցականը նաև ասել է, որ ուսուցչուհու հետ մտերմությունից հետո իրեն տարօրինակ է զգացել և երկրորդ հանդիպման ժամանակ որոշել է խզել հարաբերությունները:
«Դա ամենևին էլ այն չէր, ինչ ես սպասում էի։ Սկզբում գաղափարը հիանալի էր թվում, բայց երբ ամեն ինչ իրականում տեղի ունեցավ… երբ ես երկրորդ անգամ եկա, ասացի, որ այլևս չեմ ուզում դա անել», — հարցաքննության ժամանակ հայտարարել է դեռահասը։ Նա նաև ասել է, որ իրեն շփոթմունքի մեջ է գցել Ալմանդի հետ տարիքային տարբերությունը: