Արջը կեսգիշերին ներխուժել է տուն ու հարձակվել ծեր կնոջ վրա

Ամերիկյան Կոլորադո նահանգի Տրինիդադ քաղաքում արջը ներխուժել է 82-ամյա մի կնոջ տուն և հարձակվել նրա վրա։ Այս մասին հայտնում է CBS News-ը։

Կինը կեսգիշերին արթնացել է միջանցքում շան հաչոցից, բացել է սենյակի դուռը և այնտեղ տեսել մի փոքրիկ սև արջուկի։ Գիշատիչը անմիջապես հարձակվել է նրա վրա և քերծել նրա ոտքերը։ Տուժողին հաջողվել է հրել արջին և փակվել մեկ այլ սենյակում։

Գիշատիչը որոշ ժամանակ շրջել է սենյակով, այնուհետև բաց պատուհանից դուրս եկել փողոց:

Կինը դեպքի մասին հայտնել է Կոլորադոյի այգիների և վայրի բնության վարչություն: Ներկայումս գերատեսչության աշխատակիցներն ամեն ինչ անում են գիշատչին գտնելու համար։ Եթե ​​նրան բռնեն, կարող են էվթանազիայի ենթարկել։

Փորձագետների կարծիքով՝ կնոջ վրա հարձակված արջը ձագ է։ Նրա քաշը ենթադրաբար չի գերազանցել 45 կիլոգրամը։

Կիսվել սոց․ ցանցերում