Ռпւսшկան զпրքերի կողմից գնդшկшհшրված Վրաստանի քաղաքացին դիմադրել է ձերբակալության ժամանակ. Հվ. Օսիայի ՊԱԿ

Ինքնահռչակ Հարավային Օսիայի Հանրապետության Պետական ​​անվտանգության կոմիտեն հայտնել է, որ երկուշաբթի՝ նոյեմբերի 6-ին, ռուս սահմանապահների կրակոցից սպանված Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրին «դիմադրություն է ցույց տվել ձերբակալման ժամանակ»։

Գերատեսչությունը պնդում է, որ սահմանապահ ծառայությունը մեքենայում հայտնաբերել է փաստացի երկու սահմանախախտի, մինչդեռ տղամարդիկ իբր «հարբած վիճակում» են եղել։

«Նրանք բերման ենթարկելու փորձի ժամանակ դիմադրել են՝ վտանգելով սահմանապահների կյանքին ու առողջությանը։ Հանցագործները կիրառել են կացին: Ավելի ուշ նրանք փորձել են մեքենայով հարվածել սահմանապահ ծառայություն իրականացողների վրա եւ հեռանալ Վրաստան»,- ասվում է Հարավային Օսիայի ՊԱԿ-ի հայտարարության մեջ:

Սահմանապահները, ըստ գերատեսչության, նախազգուշական կրակոց են արձակել օդ, և այն բանից հետո, երբ տղամարդիկ իբր չեն ենթարկվել, զինվորականները սկսել են կրակել մեքենայի անվադողերի վրա։ Գերատեսչության տվյալներով՝ իրավախախտներից մեկը ծանր վիրավորվել է և շտապ բուժօգնության է տեղափոխվել վրացական կողմ, իսկ երկրորդը բերման է ենթարկվել։

Հրաձգության միջադեպը, որի արդյունքում գնդակահարվել է Թամազ Գինտուրին, տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին Վրաստանի և չճանաչված Հարավային Օսիայի միջև բաժանարար գծի մոտ՝ Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղում։

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության տվյալներով՝ ռուս զինվորականները, որոնք ռուս-վրացական պատերազմից հետո որպես սահմանապահ սկսեցին ծառայել օկուպացված Հարավային Օսիայում, փորձել են կալանավորել Գինտուրիին, ինչը վրացական կողմն անօրինական է համարել։ Նրա վրա կրակել են հրազենից, ինչի արդյունքում նա մահացել է։

Մահացած Թամազ Գինտուրին 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի վետերան է։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը, Գինտուրին Գորիի քաղաքապետարանի «Ազգային շարժում» կուսակցության սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) անդամ Նիկոլոզ Գինտուրիի եղբայրն է։ Ռուս զինվորականները ձերբակալել են նաև Վրաստանի մեկ այլ քաղաքացու՝ 35-ամյա Լևան Դոդիաշվիլիին։ Վրաստանի տվյալներով՝ նա, հնարավոր է, վիրավորվել  է և գտնվում է Ցխինվալիի քննչական մեկուսարանում։

Կիսվել սոց․ ցանցերում