Մրցակիցը՝ ազդակիր. Արարատում նոր հանքի շահագործման վերաբերյալ հանրային լսումները անցան բուռն մթնոլորտում. դրան դեմ է Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտը». նրանք ևս հանքավայրը շահագործելու ցանկություն ունեն

Նոյեմբերի 5-ին Վեդիի համայնքապետարանում կայացավ Արարատի մարզում ցեմենտի հանքավայրը շահագործելու մասին հանրային լսում։ Հանքավայրը շահագործելու ցանկություն է հայտնել «Օրդ գրուպ» ընկերությունը։ Ընկերությունը նպատակ ունի Արարատում նաև ցեմենտի գործարան հիմնելու։ Կազմակերպության ներկայացուցիչը Լևոն Օրդուխանյանն է։ Վերջինս կառուցապատող է, ներգրավված շինարարական ոլորտում։

Հանրային լսումները շատ բուռն անցան։ Ներկա էին նաև «Արարատցեմենտ» ընկերության ներկայացուցիչներն ու բազմաթիվ աշխատակիցներ։ Հիշեցնենք, որ «Արարատցեմենտը» պատկանում է Գագիկ Ծառուկյանին։ Ավելորդ է նշել, որ «Արարատցեմենտի» ներկայացուցիչները դեմ են հանքավայրը Ordgroup-ին տրամադրելուն, ինչպես նաև ցեմենտի գործարան կառուցելուն։ Նրանք ոլորտում մենաշնորհ ունեն, իսկ հանքավայրը այլ ընկերության տրամադրելու դեպքում իրենք կզրկվեն մենաշնորհային դիրքից։

Բացի դրանից՝ հանրային լսումներին ներկա պետք է գտնվեն ազդակիր համայնքի ներկայացուցիչները, իսկ «Արարատցեմենտի» ներկայացուցիչները հնարավոր մրցակիցներ են, ոչ թե ազդակիրներ։

«Արարատցեմենտի» ներկայացուցիչները պնդում են, որ Արարատում ցեմենտի նոր գործարանը բնապահպանական խնդիրներ կառաջացնի։

Նշենք, որ նույն այդ հանքավայրը շահագործելու ցանկություն ունի նաև Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված մի ընկերություն ևս, ինչպես նաև՝ հենց «Արարատցեմենտը», նույն ինքը՝ Գագիկ Ծառուկյանը։

Եթե Օրդուխանյանների դեպքում Արարատում նոր գործարան է կառուցվելու, ապա Մհեր Սեդրակյանի ընտանիքը կարող է հանքավայրը շահագործել, իսկ ցեմենտը ստանալ իր՝ արդեն ունեցած գործարանում՝ Երևանում, իսկ «Արարատցեմենտը» Արարատում արդեն իսկ ունի գործարան, և նորը կառուցելու կարիք չկա։

Լսումների ընթացքում, մինչ «Արարատցեմենտի» ներկայացուցիչները Վեդիի համայնքապետարանի դահլիճում բանավիճում էին հանքավայրի, ապա՝ գործարանի կառուցման նպատակահարմարության և հնարավոր բնապահպանական վնասների շուրջ, բակում էլ բազմաթիվ աշխատակիցներ էին հավաքված, որոնք դեմ էին գործարանի կառուցմանը։ Թե ինչու՝ այնքան էլ հասկանալի չէ, քանի որ նոր գործարանը նշանակում է նոր աշխատատեղեր, այլընտրանք, մրցակցություն նաև աշխատավարձերի առումով և այլն։ Իսկ «Արարատցեմենտի» ներկայացուցիչների բնապահպանական մտահոգությունները  ևս տարօրինակ են, որովհետև հենց իրենց գործարանն է այժմ բնապահպանական խնդիրներ ստեղծում հարակից համայնքների համար։ Եվ հարց է առաջանում, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկել և ձեռնարկում դրանք նվազագույնի հասցնելու համար։ Իրենց գործարանը դեռևս սովետական տարիներին է հիմնվել, և բնապահպանական տեսանկյունից շատ բան չի փոխվել, ժամանակակից ստանդարտներին հազիվ թե համապատասխանեցված լինի։

Լսումներին ներկա էր նաև Արարատի նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, որը նույնպես դեմ էր հանդես գալիս գործարանի կառուցմանը, չնայած լսումները հանքավայրը շահագործելու մասին էին։ Պարոն Թևոնյանը ևս բնապահպանական խնդիրներով էր մտահոգ։

Մտահոգությունների թվում էր նաև գործարանի շահագործման համար անհրաժեշտ ջրային ռեսուրսը։ Ըստ «Օրդգրուպ»-ի ներկայացուցիչների՝ ջուրը վերցնելու են Արտաշատի ջրամբարից, իսկ «Արարատցեմենտի» ներկայացուցիչներն ու Ռազմիկ Թևոնյանը արձանագրեցին, որ առանց այն էլ ջրային ռեսուրսները սակավ են, հետևաբար ինչպե՞ս է ընկերությունը լուծելու այդ խնդիրը։ Ապա Թևոնյանը դուրս եկավ դահլիճից՝ չլսելով հանքը շահագործել ցանկացող ընկերության ներկայացուցիչների պատասխանը, և ասաց՝ «ես այստեղ ձևական բան տեսա, մնալու իմաստ չկա այլևս, ձևական բան տեսա»։ Ի պատասխան՝ «Օրդգրուպ»-ի ներկայացուցիչը հակադարձեց. «Պարոն Թևոնյան, ձեր օրոք նույն տարածքում 2021-ին  ML Mining-ին   նույն հանքավայրը տրամադրել եք, էդ ժամանակ նման հարցեր ու խնդիրներ չկայի՞ն»։ Ինչին Թևոնյանը պատասխանեց, որ նման բան տեղի չի ունեցել։

Թեմային ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև «Արարատցեմենտի» նախկին երկարամյա աշխատակից Արտակ Զիրոյանը, ում աշխատանքից ժամանակին հեռացրել են իր ընդդիմադիր քաղաքական հայացքների համար։ Գործարանի ղեկավարությունը Զիրոյանին առաջարկել է դառնալ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կամ գոնե «Հանրապետություն» կուսակցության անդամ, ինչին չի համաձայնել Զիրոյանը, և 2010 թվականին հեռացվել է աշխատանքից։ Աշխատանքից հեռացրել են նաև վերջինիս եղբորը։

Մի կողմից՝ Արարատում նոր գործարանը, բնականաբար, կազդի մարզի բնապահպանական խնդիրների ավելացման վրա, մյուս կողմից, սակայն, բնապահպանական խնդիրներ ցեմենտի գործարանի առկայության պայմաններում մարզում արդեն կան, և ի՞նչ տարբերություն, թե հանքավայրը կշահագործի «Արարատցեմե՞նտ» գործարանը, թե՞ մեկ այլ գործարան։

Վովա Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում