ՊՍԺ-ի նախագահ․ Մբապեն լավագույնն է աշխարհում, նա օգնում է մեզ կառուցել մեր ապագան

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին խոսել է փարիզյան ակումբի համար ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի կարեւորության մասին։ Ավելի վաղ Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել էր, որ չի բանակցում Մբապեի հետ, որի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

«Ես չեմ տեսել «Ռեալի» հայտարարությունը, մենք կենտրոնացած ենք մեր ֆուտբոլի վրա։ Կիլիանը շարունակում է հասնել զգալի հաջողություններ։ Հնարավոր է, մարդիկ դա ընկալում են, որպես սովորական երեւույթ, բայց Մբապեից բացի ոչ ոք աշխարհի առաջնության երկու եզրափակիչի անընդմեջ չի մասնակցել եւ այնտեղ հեթ-տրիկ չի գրանցել։

Ես կրկնում եմ, որ Կիլիանը լավագույնն է աշխարհում։ Ֆանտաստիկ է նրան ՊՍԺ-ում եւ Ֆրանսիայի հավաքականում տեսնելը։ Նա դրական ազդեցություն է թողնում երիտասարդների վրա, նա օգնում է մեզ կառուցել մեր ապագան»,- Նասեր Ալ Խելաիֆիի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

Այս ամռանը ՊՍԺ-ն հայտարարել էր, որ Մբապեի հետ համաձայնության են հասել 2024 թվականից հետո էլ համագործակցությունը շարունակելու մասին։

Կիսվել սոց․ ցանցերում