Մոլդովան ստուգում է իր օրենքների համապատասխանությունը եվրոպական չափանիշներին

Մոլդովան ստուգում է իր օրենքների համապատասխանությունը եվրոպական չափանիշներին։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին իր Telegram ալիքում հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Նիկու Պոպեսկուն։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը խորհուրդ էր տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսել և բանակցային շրջանակի ապահովումը պայմանավորել Կիևի և Քիշնևի կողմից մի շարք նախապայմանների կատարմամբ։ «Այս օրվանից մենք Եվրամիության անդամ երկրների և Եվրոպական հանձնաժողովի հետ միասին շարունակում ենք նախապատրաստել մեր երկիրը բանակցությունների։ Արդեն ստեղծվել են աշխատանքային խմբեր, և մենք գտնվում ենք ազգային օրենսդրության եվրոպական չափանիշներին համապատասխանության ինքնագնահատման գործընթացի մեջ»,- գրել է Պոպեսկուն։

Նրա կարծիքով, Եվրահանձնաժողովի եզրակացությունը «մեր եվրոպական նպատակին աջակցության համոզիչ նշան է», ինչպես նաև թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուց հետո հանրապետության ձեռք բերած «նշանակալի առաջընթացի ճանաչում»։

Բանակցային գործընթաց սկսելու պաշտոնական որոշումը պետությունների և կառավարությունների ղեկավարները կքննարկեն դեկտեմբերի 14-15-ը Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։ Այս որոշումը պետք է միաձայն ընդունվի Եվրամիության բոլոր գործող անդամների կողմից։

Կիսվել սոց․ ցանցերում