Նոյեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի «Անի» կաթնամթերքի գործարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Արտակ Գաբրիելյանն ու պարեկ Արայիկ Հովհաննիսյանը:Այսքան շատ պարեկների ժամանման պատճառը կայանում է նրանում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, քանի որ մինչ պարեկների ժամանումը նշված հատվածում մոտ 1 կմ-անոց խցանում էր առաջացել՝ հետաքրքրասեր վարորդների պատճառով:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:Մինչ պարեկները դեպքի վայրում ծառայություն էին կատարում «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին, որ հետիոտնը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է: Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչի գլխավորությամբ:
Վարորդը ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների կողմից տեղափոխվել է Նաիրիի քննչական բաժին:Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:
