Երեկ՝ նոյեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Աբովյան-Արտաշատի խճուղում՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ Երևանի բնակիչ՝ 48-ամյա Վահան Թ.-ն, իր վարած Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մոտ 250 մետր բախվել քարերին, առաջ ընթացել, այնուհետև բախվել քարե պարսպին, կոտրել այն և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող հողամասում:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Վահան Թ.-ն և նրա ուղևոր, Երևանի բնակիչ 33-ամյա Նելլի Մ.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու կատարել հովացման աշխատանքներ:
Ավտոմեքենայից սկսվել է նաև դիզվառելիքի արտահոսք:
Ավտոմեքենայում հայտնաբերվել է հրացան և փամփուշտներ:
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Նելլի Մ.-ն, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն ու մահացածը ամուսիններ են: Վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորմասում, կոչումով՝ փոխգնդապետ է:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով պետք է տեղափոխվի ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
