«Շրջանաձև տնտեսություն և կայուն աճ»․ այս միջոցառման միջոցով Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում (ԱԱՊՀ) ՀԿ-ն նպատակ ուներ համախմբել փորձագետներին, ոլորտի առաջնորդներին և շահագրգիռ կողմերին՝ քննարկելու շրջանաձև տնտեսության զարգացման հնարավարությունները և պետական քաղաքականությունը, ինչպես նաև բիզնես հանրության դերը դրանց առաջխաղացման գործում։
Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում անկախ բիզնես ասոցիացիա է, որը գործում է 2000 թվականից: ԱԱՊՀ-ը ներկայացնում է 175 անդամ ընկերությունների շահերը՝ Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներից: Ավելի նպաստավոր գործարար միջավայր ստեղծելու և լավագույն գործարար փորձը խթանելու համար ԱԱՊՀ-ն համագործակցում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների և գործարար համայնքի հետ: ԱԱՊՀ-ն հանդիսանում է ԱՄՆ Առևտրի պալատի և Եվրոպայում Ամերիկյան պալատների անդամ:
«Շրջանաձև տնտեսությունը բոլոր կենսական ցիկլերն են, որոնք պետք է ծառայեն մարդուն, բնությանը և օգնեն մեր տնտեսությանը դառնալ ավելի ուժեղ, նվազեցնեն թափոնները` նպաստելով մեր երկրի կայուն աճին։ Այս ֆորումի նպատակն է նաև քննարկել գաղափարներ, թե ինչպես պետք է պետությունն ու բիզնեսը միասին ստեղծեն նոր պրոդուկտ, որ կօգնի համայնքներում տարբեր մակարդակներում արտադրությունը արդիականացնելու և տեղական պրոդուկտներն ավելի մրցունակ դարձնելու համար: Այդ իսկ պատճառով էլ, միջոցառման երկրորդ մասում փորձեցինք գտնել պետական և մասնավոր համագործակցության ուղիներ, ինչը լիահույս ենք, որ օգտավետ կլինի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԱԱՊՀ-ի գործադիր տնօրեն Ինգա Հարությունյանը։
Շրջանաձև տնտեսությունը տնտեսական կայուն մոդել է, որը միավորում է տնտեսական և բնապահպանական օգուտները։ Այն խրախուսում է ապրանքների երկարատև, ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, թափոնների առաջացման նվազեցումը, ինչպես նաև դրանց վերաօգտագործումը։ Այժմ աշխարհն ընթանում է գծային տնտեսության ուղով, այսինքն՝ ապրանքն օգտագործվելուց հետո վերածվում է թափոնի, սակայն գծային մոդելն աստիճանաբար իր տեղը զիջում է շրջանաձև տնտեսությանը, որը հակադարձում է «վերցնել-պատրաստել-թափել» մոդելին․ «Լինելով ցամաքային երկիր՝ մենք հնարավորություններ ունենք մեր պետությունը դարձնել մրցակից այլ երկրների հետ։ Հաջողակ բիզնեսը պետք է կառուցված լինի համագործակցության և միասնական քաղաքականություն մշակելու հիման վրա։ Ներկայացված 175 բիզնեսներից շատերը նորություններ ունեն, դա է, որ բիզնեսը պետք է փնտրի համարձակ լուծումներ, իսկ պետությունը ստեղծի դրանք իրականություն դարձնելու հնարավորություն»։
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեսսն էլ միջոցառման իր խոսքում շեշտեց, որ Հայաստանը շրջանաձև տնտեսությունում իր ճանապարհը նոր է սկսում, սակայն ունի համապատասխան հնարավորությունները․ «Երբ մենք սկսել էինք այս քննարկումները, բիզնես համայնքը շատ լուրջ չէր մտածում, հիմա այդ մոտեցումը փոխվել է։ Այն ժամանակ կային բազմաթիվ գաղափարներ, փորձ չկար։ Ես հպարտ եմ, որ Եվրամիության տեսակետից մենք ունենք մի ծրագիր, որը նպատակ ունի զարգացնելու շրջանաձև տնտեսությունը Հայաստանում։ Շրջանաձև տնտեսությունը վերաբերում է նրան, որ մշակվեն այնպիսի ապրանքներ, որոնք կնվազեցնեն արտադրության արդյունքում թափոնների առաջացումը։ Այս առումով Հայաստանն իր ճանապարհը նոր է սկսում հարուստ բնապահպանական ռեսուրսներով»։
Ֆորումին ներկա էին պետական ինստիտուտների ներկայացուցիչներ, պատգամավորներ, միջազգային բիզնեսի տարբեր ներկայացուցիչներ։
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն իր ելույթում կարևորեց, որ թափոնների վերամշակման հարցը կապված է ոչ միայն նյութական և ռեսուրսային խնդիրների հետ, նաև՝ որոշ դեպքերում մշակութային։ Այս առումով պետության ջանքերը կարող են ավելի արդյունավետ դառնալ, եթե շրջանաձև տնտեսության էլեմենտներ ներդրվեն։
Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության հաղորդակցությունների տարածաշրջանային կառավարիչ Օլեքսի Կալինիչենկոն էլ նշեց, որ Ֆիլիպ Մորրիսը գործում է աշխարհի 180-ից ավել երկրներում և ունի լավագույն փորձ և գիտելիք, որով կարող է կիսվել Հայաստանի հետ։ Նման թեմաներով քննարկումները ցույց են տալիս մարդկանց հետարքրությունը կայուն զարգացման և շրջանաձև տնտեսության վերաբերյալ․ «Մենք ունենք նախագծեր, որոնց շրջանակներում մեր սպառողներին կրթում ենք, թե ինչպես կարող են վերամշակման հանձնել օգտագործված սարքերը։ Ընդունելով դրանք՝ մենք պահեստավորում ենք, ապասորտավորում, սարքերի մի մասը նորոգում ենք, երբեմն ուղարկում այլ երկրներ՝ վերամշակման։ Միաժամանակ, սարքերը մոդելավորում ենք այնպես, որ նվազեցնենք բնությանը հասցվող վնասը, ինչպես օրինակ մեր վերջին ILUMA սարքը, որն ավելի երկար կյանք ունի նախորդների համեմատ։ Վերաբերմունք և վարքագիծ փոխելը հեշտ չէ։ Մենք օգնում ենք մարդկանց հասկանալ պատասխանատու սպառող լինելու կարևորությունը, աղբի վերամշակման կարևորությունը և օգտագործված ապրանքներին երկրորդ կյանք տալը»։
Պատգամավոր Ալխաս Ղազարյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընդգծեց, որ սպառողական աղբի վերամշակման համար Կառավարությունն ունի կայուն մոտեցում․ «Արդիական թեմայի շուրջ են տեղի ունենում քննարկումները, քանի որ թափոնների վերամշակման կազմակերպումը բավականին լուրջ խնդիր է, որոնց շուրջ անընդհատ գործողություններ են պետք։ Պետք է աշխատանքներ տարվեն թե՛ Կառավարության կողմից, թե՛ իրազեկման շրջականերում։ Ցանկացած արտադրություն տեխնոլոգիան մշակելուց հետո պետք է նաև կարողանա թափոնների վերամշակման ուղղությամբ մտածել, միայն այդպես մաքուր կլինի շրջակա միջավայրն ու տնտեսական մեծ շահույթ կլինի»։
Շրջակա միջավայրի ռազմավարական քաղաքականության վարչություն պետ Լուսինե Ավետիսյանն էլ ֆորումի ընթացքում ներկայացրեց ՀՀ կառավարության 2021-2026 թվականների հնգամյա ծրագրերը, որոնք վերաբերում են հենց թափոնների կառավարման համակարգի կատարելագործմանը, կանաչ տնտեսության զարգացման երկարաժամկետ նպատակների խթանմանը, քիմիական նյութերի էկոլոգիապես անվտանգ կառավարման համակարգի ստեղծմանը, մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատմանը։ Կայուն զարգացման քաղաքականությունը ամրագրված է Կառավարության ծագրերում։
Ըստ ներկաների՝ այս գործընթացում էական առաջընթաց կա․ նախկինում սա միայն ներկայացվում էր քննարկումների տեսքով, այսօր այն արդեն գաղափար է։
