Ինչո՞ւ չենք ստորագրում Խաղաղության պայմանագիրը․ պարզաբանում է ՀՀ վարչապետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում պարզաբանեց, թե ի՞նչն է խնդիրը, ինչո՞ւ չենք ստորագրում Խաղաղության պայմանագիրը:

«Մեծ հաշվով, պատճառը անվստահությունն է կողմերի միջև, որովհետև ամեն անգամ մենք՝ Ադրբեջանի, երևի՝ Ադրբեջանը՝ մեր հայտարարությունների, գործողությունների մեջ տեսնում ենք վերը նշված պայմանավորվածություններից հրաժարվելու և ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչն էլ բացասաբար է ազդում «Խաղաղության պայմանագրի» տեքստային աշխատանքի վրա:

Մինչդեռ առաջիկայում հստակեցնելու ևս մի քանի առանցքային հարցեր կան, որոնցից մեկը «Խաղաղության պայմանագրի» բովանդակության շուրջ հնարավոր տարընթերցումների հաղթահարման մեխանիզմի ձևակերպումն է։ Ցավոք, այդպես է իրողությունը, որ յուրաքանչյուր նախադասություն երբեմն հնարավոր է լինում տարբեր կերպ մեկնաբանել, հետևաբար պետք է շատ հստակ մեխանիզմ ունենանք, թե տարբեր մեկնաբանությունների դեպքում ինչպես ենք դա հաղթահարելու, մյուսը՝ անվտանգության երաշխիքների ստեղծումը, որ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո որևէ էսկալացիա հնարավոր չլինի»,- ասաց նա:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ Կառավարությունը և անձամբ ինքը մտադիր է ակտիվացնել այս հարցերի լուծմանն ուղղված դիվանագիտական և քաղաքական աշխատանքները, իսկ ընթացքի մասին հանրությանը կզեկուցվի պարբերաբար:

Կիսվել սոց․ ցանցերում