Շուրջ 95 հազար քաղաքացի ամեն օր օգտվում է Երևանի ստորգետնյա տրանսպորտից․ պահանջարկը մեծ է, եռավագոն շարժակազմի անհրաժեշտությունը՝ խիստ։ Օրերս, սակայն, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ահազանգել էր, որ մետրոյում վտանգավոր իրավիճակ է ստեղծվել:
Բանն այն է, որ սեպտեմբերի 23-ին վագոններից մեկի առջևի ձախակողմյան անիվը վնասվել էր և կիսով չափ դուրս եկել ռելսից, ուղևորները բարեհաջող տարհանվել էին։ Հաջորդ օրը մետրոն ամբողջությամբ չգործեց, որպեսզի հարթվի ստեղծված խնդիրը։ Այժմ երկու նման շարժակազմ կա, վագոնային պարկի 45 միավորից երթուղի է դուրս գալիս ընդամենը 34-ը։
Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է, որ քաղաքապետի այդ հայտարարությունից հետո ստորգետնյա տրանսպորտից օգտվողների թիվն ամենևին չի նվազել։ Ինչ վերաբերում է ստեղծված վտանգավոր իրավիճակին, Խաչատրյանի խոսքով, քաղաքապետը նկատի է ունեցել միայն սեպտեմբերի 23-ի հետ կապված դեպքը։
«Մետրոպոլիտենը՝ որպես բարդ ինժեներական կառույց, հագեցած է և բաղկացած տարատեսակ մեխանիզմներով, սարքավորումներով, նյութերով և այլն։ Աշխատում է 24/7 ռեժիմով, և հնարավոր է ու կարող են առաջանալ տարբեր տեսակի հարցեր և խնդիրներ։ Այնուամենայնիվ, մենք հավատարիմ ենք մեր կարգախոսին՝ արագ, անվտանգ, անխափան»,- ասում է նա:
Վերջինս վստահեցնում է, որ մետրոն ամենաանվտանգ տրանսպորտային միջոցն է շարունակում մնալ, դա է վկայում նաև ստորգետնյա տրանսպորտից օգտվող անձանց թվի կտուկ աճը։ Նախորդ շաբաթ, օրինակ, այն եղել է 572 հազար 938:
«Մետրոպոլիտենին առնչվող հարցերն ու ծառացած խնդիրները ամեն տեղ բարձրաձայնվել են տարբեր խորհրդակցությունների և պաշտոնական գրությունների միջոցով։ Ահռելի աշխատանք է իրականացվում հատկապես գիշերային ժամերին։ Ինչ վերաբերում է վնասված անվազույգերին, որոնք անհնար է վերազինել, փոխվում են, որոնք կարողանում ենք, վերականգնում ենք։ Շատ կարևոր է ունենալ նաև պահուստային ֆոնդ, որովհետև գնացքների նվազեցման պարագայում կառաջանան մի շարք խնդիրներ»,- ընդգծում է Խաչատրյանը:
Նա միաժամանակ հավատացնում է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում իրականացվել են մի շարք փոփոխություններ, կարևորներից է 2024 թվականի հունվարին Հանրապետության հրապարակի կայարանի երկու շարժասանդուղքները փոխելը։ Մնացած երկու շարժասանդուղքների մատակարարումը, ըստ Խաչատրյանի, կկատարվի մինչև դեկտեմբերի 10-11-ը. «Հունվարի վերջ Հանրապետության հրապարակի երկու շարժասանդուղքներն էլ հիմնովին կվերանորոգվեն, այսինքն՝ 3 շարժասանդուղք լրիվ նորացված կլինի։ Նաև տեղի կունենա 4 կիլոմետր ռելսերի տեղադրումը, որոնք օրեր առաջ են հասել Երևան։ Դրանց տեղադրումը կտևի երկու ամիս»:
Կառավարությունը վերջին նիստի ժամանակ չզեկուցվող փաթեթով որոշում ընդունեց Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների վերանորոգման համար հատկացնել 620 միլիոն 620 հազար դրամ։ Ըստ հիմնավորման՝ Մետրոպոլիտենն այս պահին ընդհանուր 3 կմ-ից ավելի մաշված ռելսեր ունի։ Անհրաժեշտություն կա նաև 140 անվազույգերի, կա մաշվածության մակարդակ, որից հետո շահագործումը վտանգավոր է դառնում։
