«3 քույրեր, խիստ հայրիկ և բամբասկոտ հարևաններ». Զառան, Անին, Մագան,Աղասը, Նորայր Եղյանը, Ագնեսա Շահնազարյանը և Արտյոմ Կարապետյանը՝ Մենչի նոր սիթքոմում

Սեպտեմբերից 5-ից Արմենիա TV-ի եթերում կլինի նոր սիթքոմ։ «Բոլոլա»՝ ահա, թե ինչպես է կոչվում նոր հեռուստանախագիծը, որտեղ նկարահանվում է Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, Մագա Հարությունյանը, Զառա Սահակյանը, Նորայր Եղյանը, Աղաս Մանուկյանը, Ագնեսա Շահնազարյանը, Արտյոմ Կարապետյանը և այլք: Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանումներից մեկին և ներկայացնում է մանրամասներ ու BACKSTAGE լուսանկարներ:

Խիստ և ավանդապաշտ հոր դերում է Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, որը մեզ հետ զրույցում նշեց՝ հենց առաջին սերիայից երևում է, որ հայկական ընտանիքում տիրում է «բոլոլա»:
«Այս սիթքոմի շրջանակում ես մարմնավորում եմ հերոսի, որն աշխատել է ուժային կառույցում և խիստ հայրիկ է, ավանդապաշտ, ունի հստակ ապրելակերպ և կանոններ, իսկ այդ ամենը պայմանավորված է, թե՛ աշխատանքով, թե՛ 3 աղջիկների գործոնով: Պատկերացրեք հայկական ընտանիք, որտեղ կան 4 տարբեր կանայք և մեկ տղամարդ»,- ասում է Մենչը:

Սիթքոմի ամենաերիտասարդ դերասանուհին 12-ամյա Աննան է, որը հայտնի է «Արտակարդ Արտակ» սիթքոմից, իսկ մեզ հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ ժամանակին, երբ դիտում էր «Ֆուլլ հաուս» նախագիծը չէր պատկերացնում, որ առաջարկ կստանա Մենչից և տաղավարում կաշխատի պրոֆեսիոնալների հետ:

«Կերպարս տան ամենասիրելին է, քանի որ կրտսեր դուստրն է, որը սիրում է ֆուտբոլ, սպորտային կյանք և ամենից շատ սիրում է հայրիկին, իսկ դա փոխադարձ է: Մի փոքր անսովոր է, քանի որ առօրյայում սիրում եմ թիթիզ շորիկներ, իսկ այստեղ ես սպորտային հագուստով եմ: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ աննկարագրելի են զգացողությունները, երբ աշխատում ես նման պրոֆեսիոնալների հետ, որոնց նախկինում տեսնում էիր միայն հեռուստաէկրաններով»,- ասաց Աննան:

Միջնեկ դստեր դերում է ինֆլյուենսեր և երիտասարդ դերասանուհի Անի Արզումանյանը, որը նախկինում ևս ունեցել է դերասանական փորձ, բայց ոչ նման մասշտաբների:

«Իրականում անսպասելի էր, երբ Արմենից ստացա զանգ և նման առաջարկովմ բայց ընդամենը մի քանի րոպեների ընթացքում կայացրել եմ նկարահանվելու որոշումը: Հետաքրքիր է, բայց այստեղ ևս մարմնավորում եմ բլոգերի, բայց ակնհայտորեն «հիմարիկ» կերպար է, բայց ուզում եմ նշել՝ իրականում ես այդպիսին չեմ և լիահույս եմ, որ անգամ կերպարի բլոգեր լինելը չի ասոցացվի ինձ հետ: Կան շատ հետաքրքիր դրվագներ, իրադարձություններ, իսկ թիմը պրոֆեսիոնալ է, ես էլ մանրակրկիտ եմ անում ինձ տրվող առաջադրանքներն ու միշտ պատրաստ եմ ներկայանում հրապարակ»,- նշեց Անի Արզումանյանը:

Ավագ դստերը մարմնավորում է Մագա Հարությունյանը, որը վերջին շրջանում նկարահանվում էր երկարաժամկետ և դրամատիկ հեռուստասերիալներում, իսկ այժմ վերադարձել է հումորային ասպարեզ, չնայած նրան, որ դերասանուհին իր կարիերան սկսել է հենց սիթքոմային ձևաչափում։

«Այժմ դեռ նախորդ նախագծի նկարահանումները չեն ավարտվել և ես համատեղում եմ, բայց շատ հաճելի է աշխատել նման թիմում և նախագծում: Կերպարիս մոտեցումներն ինձ հոգեհարազատ են, քանի որ նա սովորում է իրավաբանականում, բայց չի ցանկանում սովորել այդտեղ ու այդ դրվագների ժամանակ հիշում եմ, թե ինչպես էին նաև իմ բարեկամներից մի քանիսը դեմ, որ դառնամ դերասանուհի, բայց հայրիկի խստությունը, սահմանափակումներն օտար են ինձ համար: Նկարահանումները նոր ենք սկսել, բայց կան դրվագներ, որոնք հասցրել են տպավորվել և ծիծաղեցնել»,- պատմեց Մագա Հարությունյանը:

Սիթքոմը ծավալվում է հենց այս ընտանիքի շուրջ, որտեղ հերոսներն ունեն իրենց պատմություններն, առօրյան և խնդիրներն, իսկ այս ամենի «համն ու հոտը» տալիս է հարևան ընտանիքը, որի հերոսներին մարմնավորում են դերասաններ Արտյոմ Կարապետյանը և Ագնեսա Շահնազարյանը:

Արտյոմ Կարապետյանը տևական ժամանակ է ինչ չէր նկարահանվում հեռուստատեսային նախագծերում և նշեց՝ ուրախ է վերադառնալ ոլորտ:
«Հայաստան վերադառնալուց հետո չէի նկարահանվել որևէ նախագծում և ուրախ էի ստանալ նման առաջարկ, տեսնել հին ընկերներիս ու աշխատել նման թիմում: Շատ վառ կերպար եմ մարմնավորում, որն աշխատում է տան բակի խանութում, ունի իր տետրը, տեղյակ է բոլոր իրադարձություններից, զարգացումներից»,- ասաց Արտյոմ Կարապետյանը:

 

Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյան

Կիսվել սոց․ ցանցերում