Երեկ՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 15:50-ի սահմաններում՝ Բագրևանդի փողոցում, թիվ 58 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 50-ամյա Արտակ Պ.-ի վարած Kia մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Հարութ Հ.-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Mitsubishi-ն էլ բախվել է ճանապարհի աջ հատվածում կայանված, Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Տիգրան Մ.-ին պատկանող Volkswagen մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Արտակ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Հարութ Հ.-ն տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները: Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
