Կան հստակ իրականացված ծրագրեր․ քաղաքապետին զեկուցվեց շների զբոսայգիներ ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց 12 վարչական շրջաններում շների զբոսայգիներ առանձնացնելու ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:

Ներկայացվեցին վարչական շրջաններից ստացված տեղեկությունները` տարածքներ առանձնացնելու մասին:

«Կան հստակ իրականացված ծրագրեր, և կան առանձնացված տարածքներ, որոնք հետևողականորեն պետք է ավարտին հասցվեն. գնման մրցույթները հայտարարվեն, դրանք կառուցվեն, պետք է խնդրեմ՝ այս պրոցեսին անձամբ հետևեք»,- ասաց Ավինյանը, դիմելով՝ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին։

Վերջինս տեղեկացրեց, որ ավագանու անդամների կողմից ևս առաջարկներ կան, դրանք հետագայում կարող են դիտարկել:

Հիշեցնենք՝  նախագիծը դեռ անցյալ շաբաթ պետք է ընդունվեր, սակայն, Կենտրոն վարչական ղեկավարի և քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանի սխալ զեկուցման պատճառով այն հետաձգվել էր։

Ավինյանը հանձնարարել էր նախագծի մասին զեկուցել մեկ շաբաթ անց։

Կիսվել սոց․ ցանցերում