Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ Հայաստանում գտջնվող հնդիկները զբոսաշրջիկներ չեն, նրանք աշխատանքային միգրանտներ են։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա։
«Կան միջազգային մեթոդաբանություն․ այն մարդիկ, որոնք աշխատանքային միգրանտներ են, իրենք զբոսաշրջիկ չեն, եթե զբոսաշրջիկներ այցելեն Հնդկաստանից, ուրախ կլինենք և այդ ուղղությամբ աշխատում ենք»,– ասաց նա։
Նրա խոսքով՝ ՀՀ-ում գտնվող հնդիկները 30,000-ից քիչ են, նրանք ընդգրկված են տարբեր ոլորտներում՝ շինարարություն, գյուղատնտեսություն, ծառայություններ։ Ըստ նախարարի՝ նրանք ցածր որակավորում ունեցող մասնագետներ են և այստեղ բանվորական աշխատանքներ են կատարում։ Քերոբյանը հավելեց, որ բարձր կարգի մասնագետներ մեր երկիրը հիմնականում այցելում են Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից։
«Ասիական շուկան մեզ համար կարևոր նոր զարգացման ուղղություն է։ Մենք այդտեղ պարբերաբար մասնակցում ենք զբոսաշրջային ցուցահանդեսների։ 2025 թվականին պլանավորում ենք ՀՀ-ն Ճապոնիայի հասարակությանը ներկայացնել որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն։ Մենք դիվերսիֆիկացնում ենք զբոսաշրջային ջանքները, որպեսզի կարողանանք զարգացնել մեր զբոսաշրջային հոսքերը տարբեր ուղղություններով։ Սա մեր ստորատեգիայի մեջ է մտնում»,- նշեց նա։
