Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիսն ավարտում է կարիերան և կառաջադրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Օզբիլիսը:
«Ֆուտբոլն ինձ տվել է ավելին, քան ես պատկերացնում էի: Ես ավարտում եմ ֆուտբոլային կարիերան, բայց այդ ավարտը նոր ճանապարհի սկիզբն է: Եթե չլինեին վնասվածքները, ես իմ ներուժով կկարողանայի այլ մակարդակում էլ խաղալ»,-ասել է Օզբիլիսը:
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային թիմի մի շարք ներկայացուցիչներ հրաժեշտի խոսքով դիմել են նրան` հաջողություն մաղթելով հետագայում:
«Միշտ ասել եմ, որ կարիերայի ավարտին հայկական ֆուտբոլին օգուտ տամ: Կարծում եմ, որ հայկական ֆուտբոլն այժմ կարևոր խաչմերուկի վրա է: Ես իմ թեկնածությունն եմ դնում ՀՖՖ նախագահի ընտրություններում: Իմ փորձով ու նվիրվածությամբ կարող եմ մեծ օգուտ բերել հայկական ֆուտբոլին»,-ասաց Օզբիլիսը:
Արազ Օզբիլիսը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2010 թվականին՝ «Այաքս»-ի կազմում: Կարիերայի ընթացքում հանդես է եկել «Կուբան», Մոսկվայի «Սպարտակ», «Բեշիկթաշ», «Ռայո Վալենկանո», Տիրասպոլի «Շերիֆ», «Վիլհելմ 2», Երևանի «Փյունիկ» և «Ուրարտու» ակումբներում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում մասնակցել 41 խաղի` դարձել 6 գոլի հեղինակ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին:
