Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի որդին՝ Սամվել Հակոբյանը, որը միաժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի օգնականն է, ավագանու այսօրվա նիստում փայլել է իր զիլ՝ «ոչ բռնությանը» թեմայով ելույթով։ Ավագանու ընդդիմադիր անդամը ելույթը սկսել է պատմական էքսկուրսով՝ 2018 թվականից, և նշել, թե ինքն ու իր պես շատերը հավատացել են, որ 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունը սիրո ու համերաշխության հեղափոխություն է, «որ չարը գնում է, և բարին պետք է գա»։ «Եվ բոլորս դժգոհ էինք նախորդ իշխանություններից, քանի որ թաղապետարաններում, քաղաքապետարաններում, առհասարակ պետական մարմիններում կար խուժանություն, լկտիություն և ագրեսիա։ Մինչև հեղափոխությունը անցած՝ նախկին ռեժիմը ուներ շատ վատ աշխատելաոճ այն առումով, որ թաղապետերը ու առհասարակ պետական պաշտոնյաները ունեին իրանց ձեռքի տակի շներին, ովքեր, երբ որ քաղաքական առումով չէին կարում հարց լուծեին, այդ շներին վրա էին տալիս։ Հիմա դուք չունեք այդ շներին, ես չեմ տեսնում մարդիկ, ովքեր պաշտոն չեն զբաղեցնում, ուղղակի թաղային հեղինակություններ են, և գալիս են կռիվ են սադրում և այլն։ Բայց ունենք մեկ այլ պատկեր՝ «Հանրապետություն» կուսակցությունն ու «Մայր Հայաստան»-ը ունենում են կոնֆլիկտ՝ տհաճ, անընդունելի, մազ քաշել, ջուր շփել… անկախ կուսակցական պատկանելությունից՝ ես դեմ եմ բոլոր նման տեսակի դրսևորումներին։ Սակայն հարցս ուղղում եմ Տիգրան Ավինյանին և ուզում եմ հասկանալ՝ թաղապետերը, որ երեկ առավոտից ստեղ, միջանցքում կայնած էին, նայում էին, ոնց որ մի բանի սպասեին, էդ թաղապետերը թավշյա, սիրո, համերաշխության հեղափոխության, որին, կրկնում եմ, թեև ամաչում եմ, ողջունել եմ, այդ ժամանակ արտերկրում եմ սովորել, ամեն օր նայել եմ ու հպարտացել եմ ազգովս, ասել եմ՝ ինչ լավ ա, որ վռնդեցինք չարին, գալիս ենք դեպի բարին։ Բայց հիմա արդեն, ցավոք սրտի, ստույգ արձանագրում եմ, որ բարին տենց էլ չստացանք, ու էսօր մենք ունենք վիճակ, երբ որ երկու կուսակցության կանայք իրար հետ վիճում են, եսիմ ոնց ընենց ա ստացվում, որ երրորդ կուսակցության թաղապետեր քուչի խուժանների նման վրա են տալիս, 10 հոգով մի հոգու խփում են, ու դրանից հետո, հարգարժան քաղաքապետ, կին ավագանիներին նկատողություն եք տալիս, բայց ես առ այս պահը չհասկացա՝ թաղապետերին ինչ սանկցիա եք կիրառելու»,- բարկացկոտ տոնով հայտարարեց՝ Հակոբյանը և առաջարկեց որպես պատիժ և քաղաքական «թմի» հեղինակությունը պահելու համար աշխատանքից հեռացնել «ընկած մարդուն խփած» թաղապետերին։ Նախկին ռեժիմի վարքն ու բարքը ռեալիստորեն նկարագրած ավագանու երիտանդամին ի պատասխան՝ Տիգրան Ավինյանը հիշեցրեց՝ ավագանու նիստի սկզբում արդեն իսկ արտահայտել է իր վերաբերմունքը երեկ տեղի ունեցած միջադեպերի շղթայի, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների վարքագծի վերաբերյալ։ «Սանկցիա կիրառելը իմ հայեցողությունն ու լիազորությունն է, բայց ես ուզում եմ, որ դուք հասկանաք, որ եթե մենք շարունակենք այս կրկնվող միջադեպերը ունենալ, ես հուսով եմ, որ սրանով ավարտված կլինի, բոլորը հասկացած կլինեն, որ սա անընդունելի է, ես իմ խոսքում զգուշացումներ եմ տվել և՛ վարչական շրջանների ղեկավարներին, և՛ ավագանու կոնկրետ անդամների։ Եվ ուզում եմ իմանաք, որ այս սանկցիաները գնալով ավելի խստանալու են»։ Ավինյանը նշեց նաև, որ իրենց խնդիրը ոչ թե երեկ տեղի ունեցած դեպքերի շղթան վերհիշելն ու «ով էր ճիշտ, և ով՝ սխալ» դաշտ մտնելը, այլ բռնության կանխարգելումը՝ սկսած խոսքի մեջ հնչող բռնության կոչերից։
Անշուշտ, գովելի են Սամվել Հակոբյանի խաղաղասիրական մղումներն ու անհանդուրժող վերաբերմունքը մասնավորապես ֆիզիկական բռնության նկատմամբ։ Սակայն պարոն Հակոբյանին պակասում է անկեղծությունը, քանի որ «չարից» ազատվելու պրոցեսը՝ հեղափոխությունը, ողջունած, թող որ հետագայում հիասթափված քաղաքացին մի քանի տարի անց չէր հայտնվի «չարի» և, ինչպես ինքն ասաց՝ խուժանության, լկտիության և ագրեսիայի հետ ասոցացվող, շներ բանեցնող ռեժիմի ներկայացուցչի կողքին՝ օգնականի կարգավիճակում։ Ի դեպ, մի ներկայացուցչի, որը ԱԺ-ում 2021 թվականին արդեն իսկ ցուցաբերել է խուլիգանական վարքագիծ՝ ջրով լի շիշ նետելով խորհրդարանի ամբիոնում ելույթ ունեցող պատգամավորի վրա։ Հարկ է հիշեցնել Սամվել Հակոբյանին, որ նույն այդ ամբիոնից ամիսներ առաջ բռնության կոչ էր հնչեցնում ոչ այլ ոք, քան իր հայրը՝ Ռուբիկ Հակոբյանը, «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետը, և մահապարտների թիմ կազմելու, այս իշխանության վերջը տալու մարտակոչ հնչեցնում։ «Համաշխարհային պատմությունը փորձ ունի՝ այսպիսի դաժան պարտության տարած քաղաքական գործիչը իրավունք չունի շարունակելու ներկայացնել պետությունը։ Կան, դեպքեր կան. ա՛յ Հիտլերը, որի քաղաքականության շարունակությունն է այսօրվա իշխանության կեցվածքը, էդքան տղամարդկություն ունեցավ իր տիկնոջ հետ ինքնասպանություն գործելու համար, Գեբելսը շատ ավելի դաժան գտնվեց, որովհետև իր 6 երեխաների և կնոջ հետ ինքնասպանություն գործեց, իսկ իտալացի ֆաշիստին գարիբալդիականները գնդակահարեցին։ Իհարկե, այդքան տղամարդկություն չունի, որ հասկանա իր ողբերգության չափը, բայց այդուհանդերձ։ Պետք է ձևավորվի մահապարտների թիմ, որը շատ վստահություն ներշնչի ժողովրդին և կարողանա այս իշխանությանը հեռացնել և մաքրել այդ «Ավգյան ախոռները», որ վիրուսակիր է դարձել և կործանում է այսօրվա Հայաստանը»,- ազդարարել էր Հակոբյան ավագը։
2022 թ. հունվարին էլ, երբ ԱԺ ԿԳՄՍԵ հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր ՀՌԱՀ անդամ առաջադրված նույն Ռուբիկ Հակոբյանի թեկնածության հարցը, սկանդալ ծագեց վերջինիս և հանձնաժողովի նախագահ ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջև։ Թեկնածուն «փայլեց» իր անկիրթ բառապաշարով, բանը հասավ փոխադարձ վիրավորանքներին, հայհոյանքին, քաշքշուկին ու ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքին։
Մի հայտնի դեպք էլ հիշեցնենք՝ 2016-ին ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող Ռուբիկ Հակոբյանը բռունցքով հարվածել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին: Լրագրողի խոսքով՝ պատգամավորը մի քանի անգամ հարվածել է իրեն, որից մեկը դիպչել է աչքին, ապա սեռական բնույթի հայհոյանքներ տվել: ՀՔԾ-ն քրեական գործ էր հարուցել, ապա ժամանակ անց այն կարճել էր։
Հ.Գ. Ընդդիմադիր ավագանու անդամի ելույթն այն դեպք է, երբ պետք է ասել՝ բռնությունը դատապարտում եք, լավ եք անում, բայց դատապարտումը սկսեք «մի մատ խորքից»՝ բարեվարքության դասեր տալով ու կարգի հրավիրելով անմիջապես ձեր կողքին կանգնած, ձեզ հետ սերտ արյունակցական կապ ունեցող սուբյեկտներին։
Հ. Մ.
