Եթե ես ուզենամ էլ, դե յուրե չեմ կարող ասել, որ шնկլшվների հարց չկա. վարչապետ

«Ես բաց արդեն իսկ խոսել եմ այդ թեմայով մի քանի առիթներով: Անկլավների հարց այո կա, բայց ինչ է նշանակում այդ հարցը և որտեղից և ինչու կա»:

Այս մասին այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում պատասխանելով Տավուշի մարզի բնակչի այն հարցին, թե վերջին շրջանում պարբերաբար անկլավները հանձնելու մասին խոսակցություններ են պտտվում, մենք՝ Տավուշի բնակիչներս հստակություններ ենք ուզում, կարո՞ղ եք մեզ հետ բաց խոսել այս թեմայով:

Մանրամասնելով վարչապետը նշեց.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղոթւյան սկզբունքներից մեկն է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում եմ միմյանց տարածքային ամբողջականությունը խորհրդային Հայաստանի և խորհրդային Ադրբեջանի համապատասխանաբար տարածքների հիման վրա, և երբ ասում ենք ՀՀ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածք դրա մեջ չեն մտնում այն էքսկլավ/անկլավները, որոնք խորհրդային միության ժամանակ պատկանել են Ադրբեջանին և այդ 29 հազար 800 կիլոմետրի մեջ մտնում է Արծվաշենը, որը էքսկլավ է՝ շրջափակված խորհրդային Ադրբեջանի տարածքում: Այս հարցը պետք է որևէ ձևով հասցեագրվի, եթե ես ուզենամ էլ դե յուրե չեմ կարող ասել, որ նման հարց չկա, որովհետև Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է: Երբ մենք Արծվաշենի հարցը բարձրացնում ենք բնականաբար Ադրբեջանն էլ իր հերթին բարձրացնում է այն անկլավների հարցը, որը իր բնութագրմամբ խորհրդային միության քարտեզներով դե յուրե հիմնավորված գոյություն են ունեցել: Եթե մենք պետք է ասենք, որ անկլավների հարց չկա, ուրեմն պետք է ասենք նաև էքսկլավի՝ Արծվաշենի հարց չկա, բայց երկու հարցերն էլ կան, հետևաբար խաղաղության գործընթացում այդ հարցերը պետք է կարգավորվեն»:

Վարչապետը նաև նկատեց՝ Ոսկեպար գյուղում 2021 թվականի նախընտրական արշավի ժամանակ ասել է՝ եթե այս թեմայով շատ կոնկրետ առարկայական բան կլինի, խոստանում եմ, որ կգամ ձեզ հետ կքննարկեմ՝ կզրուցեմ:

«Եվ ինչպես խոստացել եմ ես անպայման իմ խոստումը կկատարեմ, պարզապես ծրագրում պաշտոնապես այց Ոսկեպար չլինելը նշանակում է, որ այս պահին առարկայական պայամանվորվածոթյուն, համաձայնություն փոխադարձ այս թեմայով չկա, բայց երբ որ մենք գործողություն անելու կլինենք անպայման կիմանաք ու մենք կքննարկենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Կիսվել սոց․ ցանցերում