ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ամեն շենք չէ, որի ցուցանակի վրա գրված «Համալսարան»-ը իրոք համալսարան է բառի՝ «համալսարան» իմաստով. վարչապետը՝ մարզերում գործող բուհերի և Ակադեմիական քաղաքի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հարցերին պատասխանելու ընթացքում անդրադարձավ Վայոց ձորի մարզի ուսումնական հաստատությունները վերաբացելու մասին հարցին և նշեց՝ ամեն շենք չէ, որի ցուցանակի վրա գրված «Համալսարան»-ը իրոք համալսարան է բառի՝ «համալսարան» իմաստով։ Վարչապետը նշեց, որ կրթության ոլորտում շատ խորը խնդիրներ կան։

«Էսօր մենք Հայաստանում կրթության, մասնագիտական կրթության ու ուսուցման որակի խնդիր ունենք։ Էդ ա պատճառը, որ մենք ստեղծում ենք Ակադեմիական քաղաքը։ Դրա ամենակարևոր գաղափարախոսությունն է լինելու, որ ով իրոք ուզում է սովորել, նա հնարավորություն ունենա սովորելու, ու որևէ ֆինանսական խոչընդոտ չլինի նրա համար՝ և՛ կեցավայր ունենա, և՛ պատշաճ բուհ ունենա։ Այսօր ուսանողներ կան, որ ուզում են սովորել. իրենք գնում են դասերի, մասնակցում են, քննություններ են հանձնում, բայց դեպքեր ունենք, որ մեր համակարգը ի վիճակի չի սովորեցնելու, որովհետև չունի այդ հմտությունը։ Մենք, ընդհակառակը, ասում ենք, որ Հայաստանում Ակադեմիական քաղաքի հիմնադրումից հետո բուհերը պետք է լինեն միայն Ակադեմիական քաղաքում։ Ակադեմիական քաղաքից դուրս Հայաստանում որևէ բուհ պետք է գոյություն չունենա։ Եվ սա քմահաճույք չէ։ Մեր ռեսուրսները սահմանափակ են։ Մենք ուզում ենք էդ ռեսուրսները կենտրոնացնել մի տեղ և ունենալ արդյունք»,- ասաց Փաշինյանը։

Միաժամանակ վարչապետը նշեց, որ ուզում են մարզերում զարգացնել քոլեջները ու բարձրացնել դրանց մակարդակը։
Փաշինյանն ասաց նաև, որ պետք է ստեղծել հնարավորություն, որ մարդիկ կարողանան գնալ Ակադեմիական քաղաք, ընդունվել համալսարան և սովորել։

Մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել սոց․ ցանցերում