«Ես մի քանի անգամ ասել եմ, որ մենք լիարժեք և միանշանակորեն պաշտպանում ենք Վրաստանի միասնականությունը, պետականությունը։ Եվ ես պետք է հրավիրեմ ձեր ուշադրությունը մի փաստի վրա, որ ՄԱԿ-ում մինչև 2019 թվականը և 2019 թվականից հետո ձեր բարձրացրած հարցերի շրջանակում Հայաստանի Հանրապետության քվեարկությունները շատ տեսանելի և որոշակի տարբերություններ են արձանագրել»,- այս մասին այսօր՝ քաղաքացիների հարցերին պատասխանելիս՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե պատրաստակա՞մ է Հայաստանը Աբխազիան և Հարավային Օսեթիան ճանաչել ՌԴ կողմից օկուպացված տարածքներ։ Վարչապետը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ ՄԱԿ-ում՝ ՀՀ-ի քվեարկությունների փոփոխության կապակցությամբ՝ այդ թվում Վրաստանի ներկայացուցիչները, իրենց գոհունակությունն են հայտնել ՀՀ դիրքորոշման հետ կապված։
«Մենք միանշանակ և լիարժեքորեն պաշտպանում ենք Վրաստանի միասնականությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը», — եզրափակեց Փաշինյանը։
