Հակոբ Բադալյանը գրում է․
ԱԱԾ հայտարարություն է տարածել մանկապարտեզներում սննդի մատակարարման գործով յուրացումներ թույլ տված հանցավոր խումբ բացահայտելու մասին: Կեցցե ԱԱԾ-ն, որ բացահայտել է այդ խմբին, բայց գործը մատուցվում է այնպիսի «հանդիսավորությամբ»՝ այդ թվում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների ֆեյսբուքյան էջերով, կարծես բացահայտվել է Հայաստան ներթափանցած դիվերսիոն մի հրոսակախումբ:
Կրկնեմ, շատ կարեւոր է հանցագործության բացահայտումը:
Դատելով ԱԱԾ հաղորդագրությունից, խոսքը կարծես թե մոտ 22 միլիոն դրամի չմատակարարված ապրանքի մասին է: Ընդ որում, ըստ ամենայնի գործել է մի պարզ սխեմա՝ որոշ մանկապարտեզներ ներկայացնում են շատ ավելի մեծ թվով երեխաների ցանկ, քան իրականում, բնականաբար «դուրս է գրվում» ավելի շատ փող, բայց մատակարարվում է ավելի քիչ ապրանք՝ իրական երեխաների թվին համարժեք:
Չեմ կարող պնդել, բայց, կարծես թե որեւէ ծնող չի դժգոհում մանկապարտեզներում սննդի քանակից ու որակից: Ավելին, այդպիսի դժգոհություն ավելի շատ եղել է մասնավոր մանկապարտեզներից, քան այսպես ասած «պետական»՝ համայնքային:
Հետեւաբար, գողացել են ոչ թե անմիջապես երեխաներից, այլ՝ համայնքից: Ըստ այդմ, գուցե արժե առնվազն մինչեւ գործի քննության ավարտ ձեռնպահ մնալ «մանուկներից գողանալու» վերաբերյալ սրտառուչ սոցցանցային գրառումներով էաժանագին քարոզչական միավոր հավաքելու աշխատանքից:
Կրկնեմ, ընդգծեմ, որ գրառումս ոչ թե հանցագործության համար կասկածվողներին կամ մեղադրվողներին «պաշտպանելու», կամ հանցանքի աստիճանը նվազեցնելու, այլ պարզապես այդօրինակ տեղեկությունների վրա անձական կամ քաղաքական PR չանելու մասին է:
Եվ դրա փոխարեն ավելի լավ է զբաղվել նրանով եւ նրանցով, ովքեր պետական փողերը հարյուրավոր կամ միլիարդավոր դրամներով տրամադրում են մասնավոր ընկերությունների, այն էլ «անմրցակից» ոլորտների, իսկ հանրությանը այդ առնչությամբ չեն ներկայացնում որեւէ հանգամանալից հաշվետվություն:
