Պեսկովն ընդդեմ Մпսկվայի գործող խառնակիչներ է փնտրում. Ըստ Կրեմլի՝ նրանք, ովքեր բարձրացնում են шրցшխшհայության՝ իրենց տները վերադառնալու իրավունքը, այսպիսով անկայունություն են հրահրում

Անմեկնելի են ՌԴ-ի, մասնավորապես  Կրեմլի խոսնակների պատճառաբանությունները  տարածաշրջանում իրենց դերը նսեմացնել և այդտեղից դուրս մղել ցանկացող  նենգադավ սուբյեկտների մասին, որոնք (ինչպես ռուսական ագիտպրոպն է պնդում)  իրենց այդ նպատակին հասնելու համար օգտագործում են հայ-ադրբեջանական հարաբերությունների և ԼՂ խնդրի չկարգավորված լինելը։ Իսկ ով կամ ովքեր են այդ նենգադավ սուբյեկտները՝ իհարկե ԵՄ-ն և ԱՄՆ-ն կամ՝ հավաքական Արևմուտքը, որն էլ  հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր «չուզողն» ու «խափանարարն» է։  Այդ Արևմուտքն էր, չէ՞, որ ստիպեց Ադրբեջանին ներխուժել ՌԴ-ի ռազմավարական դաշնակից Հայաստանի սուվերեն տարածք, օկուպացնել մի շարք տարածքներ,  որպեսզի ՀՀ-ն ստիպված լինի դիմել ՀԱՊԿ-ի միջամտությանն ու աջակցությանը, իսկ ՀԱՊԿ-ն էլ իր հերթին ստիպված լինի իրեն  ռետինե խողովակի տեղ դնել և շշկռել անչափ կարևոր մի հարցում՝ որտե՞ղ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, եթե այդ սահմանը դեռ նոր պետք է սահմանազատվի։ Այո՛, նույն Արևմուտքը կամ ԵՄ-ն էր (սակայն ինչ տարբերություն) կազմակերպել այդ՝ ադրբեջանա-հայկականա-ՀԱՊԿ-ական դավադրությունը, որպեսզի կարողանա առիթից օգտվել և իրականացնել իր վաղեմի երազանքը՝ խցկվել Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ քաղաքացիական դիտորդություն իրականացնելու նպատակով։ Այդ նույն Արևմուտքն էր, որ առաջարկում էր Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսություն՝ ընդգծելու ԼՂ-ի սուբյեկտայնությունը, ինչի հետևանքը եղավ այն, որ Բաքուն վերցրեց ու «երկխոսեց» մեկ այլ սուբյեկտի՝ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ-ի հետ և անարգել փակեց այդ առաքելության պատասխանատվության գոտի համարվող Լաչինի միջանցքը, 9 ամիս շարունակեց թքած ունենալ  նոյեմբերի 9-ի հայտարարության վրա,  իսկ հետո էլ առանց ախ քաշելու վերցրեց ու երկխոսությունը հասցրեց նոր մակարդակի՝ «հակաահաբեկչական» օպերացիա իրականացրեց  ու սրի քաշեց  արցախահայությանը՝ բռնի տեղահանելով վերջիններիս։ Արևմուտքը, փաստորեն, Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունն առաջարկելով  իրականում նպատակ ուներ  Ադրբեջանին «քսի տալ» Արցախի վրա՝ այդտեղից դուրս մղելով իրենց առաքելությունը սրբորեն կատարող  ազնվագույն խաղաղապահներին։  Ծանոթ ռեպերտուար է, այդպես չէ՞, տրագիֆարսի ժանրի բոլոր կանոններով։

Կրեմլի խոսնակներից մեկը՝  ՌԴ նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը,  մտքի հերթական փայլատակումն է ունեցել հիշյալ ժանրում և հավատարիմ  «կենտրոնի» քարոզչական գծին՝ ազդարարել է՝ մի շարք երկրներ դեռ փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ, և Ռուսաստանը տեղյակ է Մոսկվային տարածաշրջանից դուրս մղելու նրանց փորձերի մասին։ Ըստ խոսնակի, սակայն, ոչ ոք ի վիճակի չէ այնտեղ խաղաղության և կայունության երաշխավորի դեր խաղալ, բացի Ռուսաստանից։

«Նախկինում նման քայլերը արվել են «դիմակների ներքո», սակայն հիմա դրանք վաղուց գցված են, և պայքարը մղվում է դեմ առ դեմ»,- նշել է Պեսկովն ու  ընդգծել՝  նման երկրները, որոնք միակողմանի դիրքորոշում են որդեգրել, չեն կարող որևէ բանի հավակնել. «դա և՛ անհնար է, և՛ անտեղի»։

Թեև Պուտինի մամլո խոսնակի մեղադրանքները անհասցե են, սակայն նրա կես խոսքից անգամ կարելի է գլխի ընկնել, որ նկատի ունի այն նույն նենգադավ սուբյեկտին,  որի մասին խոսում էինք նյութի սկզբում՝ Արևմուտքի, ի մասնավորի՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, որոնք ներգրավված են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ  վերջին մի քանի ամիսներին ծավալվող գործընթացում։ Փույթ չէ, որ այդ գործընթացը Ադրբեջանը բոյկոտում է՝ ենթադրաբար ՌԴ-ի ցուցումով։ Ուշադրության է արժանի Պեսկովի մոնոլոգի այն հատվածը, որտեղ վերջինս խոսում է  Ղարաբաղի շուրջ իրավիճակի ապակայունացման մասին, ինչից հետևում է, որ Ղարաբաղի շուրջ իրավիճակը, փաստորեն, ըստ կայունության գնահատման ռուսական «բարոմետրի», ստաբիլ է։  Հետևապես այն անկայունացնելու ուղղությամբ գործողություններ են իրականացնում «խափանարար» ուժերը։  Անկայունություն ասելով  Պեսկովը հավանաբար նկատի ունի Արևմուտքից հնչող  հայտարարություններն առ այն, որ  Արցախից բռնի տեղահանվածները ցանկության դեպքում պետք է հնարավորություն ունենան վերադառնալու իրենց տները, ինչպես նաև Ադրբեջանին ուղղված  կոչերը՝ ապահովել այդ մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը և  ձեռնպահ մնալ ուժ կիրառելուց կամ ուժի դիմելու սպառնալիքներից։  Նման հայտարարություն և կոչ անողներից մեկը՝ ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան, օրինակ, նախորդ շաբաթ հայտարարել էր՝ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության հիմք կա. «Ադրբեջանի չցանկանալը վերադառնալ բանակցության սեղանի շուրջ ինքնին վկայում է այդ մասին: Երկրորդ, նրանց ցանկությունը՝ գործ ունենալ Թուրքիայի և Ռուսաստանի հետ, ևս խոսում է այդ մասին»,-ազդարարել էր ամերիկացի պաշտոնյան և անդրադարձել նաև խաղաղապահների վարքագծին. «2400 ռուս զինվորները, որոնք իբր խաղաղապահներ էին, պարզվեց՝ ոչինչ չեն արել, երբ մարդկանց ստիպում էին տարհանվել: Մինչ այդ էլ ԼՂ շրջափակման ժամանակ նրանք  թույլ չէին տալիս միջանցքով սննդամթերք և բժշկական պարագաներ տեղափոխել ԼՂ: ԱՄՆ-ն պետք է ապահովի, որ լինի արդարություն և համաձայնություն, որը կպահպանեն բոլոր կողմերը»:

Այո, եթե այս և նման հայտարարությունները գնահատենք ռուսական, այսինքն՝ իռացիոնալ դիտանկյունից, ապա, իրոք, դրանք ապակայունացնող էֆեկտ ունեն, քանի որ սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած  ռուս-ադրբեջանական օպերացիայից հետո Արցախում և դրա շուրջ հաստատվել է կայունություն՝ Ադրբեջանը հասել է իր «իդեա ֆիքսին»՝ դատարկել է Արցախը և այլևս ստիպված չէ տարատեսակ սադրանքներ հրահրել՝ խախտելով խաղաղապահների անդորրը, վերջիններս էլ այլևս ստիպված չեն հրադադարի ռեժիմի մոնիտորինգ անել, իրենց պատասխանատվության գոտում պարեկություն իրականացնել, գոտի, որն այլևս ոչ թե Լեռնային Ղարաբաղ է անվանվում, այլ՝ «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջան», 120 հազար արցախահայության կենսագործունեության երաշխավորի «դարդը քաշել», հանգիստ, իրենց աջը քաշած «լռվել» են իրենց կենտրոնակայանում և ժամանակ են ձգում՝ մինչև լրանա իրենց տեղակայման՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված  5 տարին։  Իսկ ահա նրանք, ովքեր հանդգնում են իրերն իրենց անուններով կոչել, փաստորեն դիտարկվում են ապակայունության խթանիչներ և ընդդեմ Մոսկվայի գործող խառնակիչներ։

Հ.Գ.Մենք էլ մեր հերթին ենք ամենօրյա ռեժիմով դիտարկում խաղաղապահ զորակազմի տեղեկագրերը, որոնց տեքստերը  ամեն օր գրեթե նույնությամբ կրկնվում են։ «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջան»-ում ընդհանուր առմամբ սեպտեմբերի 19-ից փակվել են 11 դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ։  Այս պահին գործող  18 դիտակետում  հրադադարի խախտման դեպքեր չեն արձանագրվում, «Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը»։ Իրոք  որ,  ռուսի ոտքը Արցախ դնելու «օրհնված սհաթից» երեք տարի անց աննախադեպ կայունություն է և խաղաղություն։

Հ. Մ.

Կիսվել սոց․ ցանցերում