Նոյեմբերի 23-ին Մինսկում կայացավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին չմասնակցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այդ մասին նիստից առաջ հայտնել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։
Վարչապետը հույս էր հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը։
Դրանից առաջ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին չմասնակցեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, այնուհետև Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր հայտնել, որ չի մասնակցելու ՀԱՊԿ-ի շրջանակում դեկտեմբերին նախատեսված միջոցառմանը։
Նոյեմբերի 24-ին ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀԱՊԿ-ում մնալ-չմնալու թեմային։
«Կկայացնե՞նք արդյոք ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը կասեցնելու որոշում, մենք կողմնորոշվելու ենք ՀՀ-ի պետական շահերով։ Այս պահին մեր արձանագրումները ասում են, որ ՀԱՊԿ-ի դե ֆակտո անգործությունը կամ գործողությունները չեն հասցեագրում ՀՀ-ի նկատմամբ նրա պարտավորությունները, այսինքն՝ այս իմաստով ՀԱՊԿ-ի գործողությունները համապատասխան չեն ՀՀ-ի շահերին, և մենք այս հարցը բարձրացնում ենք թափանցիկ ձևով»,- ասել էր Նիկոլ Փաշինյւանը։
Այսօր ռուսական ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, մեկնաբանելով Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բարձրագույն ղեկավարության բացակայությունը, ասել է, որ Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակիցը և անիմաստ է կտրուկ եզրակացություններ անել Մինսկի նստաշրջանում Երևանի բացակայության պատճառով։
Իսկ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան հույս ունի, որ հայ ընկերները որոշ ժամանակ անց կվերականգնեն իրենց մոտեցումը՝ հօգուտ կազմակերպության ընդլայնված մասնակցության։
ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ հայտարարել է, որ փաստացի ստեղծվել է ՀԱՊԿ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգ, և ունեն պայմանագրեր, ունեն հակաօդային պաշտպանության համակարգեր պետություններից յուրաքանչյուրի հետ: Դա և Հայաստանի, և Ղազախստանի, և Ղրղզստանի, և Տաջիկստանի, և բնականաբար Բելառուսի հետ է։
Նախարարի խոսքով՝ համակարգը «զինված է և աշխատում է», պարբերաբար զորավարժություններ են անցկացվում այն մարտական վիճակում պահելու համար։
Շոյգուն նաև ասել է, որ ՀՕՊ միասնական համակարգ կա ԱՊՀ-ում, իսկ ՀԱՊԿ-ում այն փաստացի ստեղծվել է: Եթե պահանջվի փաստաթղթավորված ձևավորում, մենք կձևավորենք փաստաթղթավորված: Բայց ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրի հետ ունենք երկկողմ համաձայնագիր:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից երեք անգամ ներխուժում է եղել ՀՀ տարածք, սակայն ՀԱՊԿ-ի կողմից որևէ միջամտություն չի եղել, դա նրանք մեկնաբանել են սահմանների չդելիմիտացված և չդեմարկացված լինելու հանգամանքով։ Նրանք ընդամենը շատ երկար մտածելուց հետո որոշել էին դիտորդական առաքելություն ուղարկել ՀՀ սահմաններ, դա էլ այն բանից հետո, երբ Հայաստան ժամանեց ԵՄ դիտորդական առաքելությունը։
ՀԱՊԿ նիստերին չմասնակցելու վերաբերյալ մենք հարցախույզ անցկացրեցինք նաև մեր քաղաքացիների շրջանում։ Նրանց մի մասը կարծում է, որ չմասնակցելը ճիշտ է, մի մասը կարծում է, որ ճիշտ չէ։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան
