Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և տեղակալներին այսուհետև կնշանակի և կազատի վարչապետը

Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը, այլ ոչ թե նախագահը։

Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց այսօր Կառավարության նիստում։ Այն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի փաթեթում։

«Ներկայումս գործող կարգավորումների պայմաններում ստացվում է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և տնօրենի տեղակալների պաշտոնները զինվորական ծառայության պաշտոններ են: Ծառայության տնօրենին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:

Հաշվի առնելով այն, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է, մինչդեռ Ծառայության տնօրենը և տնօրենի տեղակալները ներկայիս կարգավորումների համաձայն պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են նախագահի կողմից, անհրաժեշտ է վերանայել գործող կարգավորումներն այնպես, որ նշված անձանց պաշտոնի նշանակի և պաշտոնից ազատի վարչապետը՝ նկատի ունենալով Ծառայության՝ վերջինիս ենթակա լինելը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Նախագիծը համարվել է անհետաձգելի և կուղարկվի Ազգային ժողով։

Կիսվել սոց․ ցանցերում