Հայաստան-Եվրամիություն անվտանգային կապերը այժմ գտնվում են բարձր մակարդակի վրա. նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Նա նկատում է, որ անվտանգային առումով երեք ոլորտներում կա բարձր համագործակցություն. «Առաջինը քաղաքականն է, այսինքն՝ թե ինչ դիրքորոշումներով է հանդես գալիս ԵՄ-ն, դա նպաստում է ՀՀ-ի անվտանգության բարձրացմանը, և այստեղ մնում է Եվրամիության միջնորդությունը հայ-ադրբեջանական բանակցություններում, որը դրեց որոշակի նշաձողեր։ Երկրորդ ուղղությունը եվրոպական դիտորդական առաքելությունն է, որը մեծ ներդրում ունի կոնկրետ պահերի ՀՀ սահմանների անվտանգության համար ամուր հիմքեր ստեղծելու հարցում։ Այն, որ Ադրբեջանում գիտեն, որ ամեն օր օբյեկտիվ տեղեկատվություն է հաղորդվում եվրոպական մայրաքաղաքներ, թե սահմանին ինչ է տեղի ունենում, դա արդեն լուրջ ներդրում է անվտանգային հարցում»։
Ըստ Նավասարդյանի՝ երրորդ ուղղությունը այն է, որ կոտրվեց կարծրատիպը, թե Հայաստանի ֆորմալ անդամակցությունը ՀԱՊԿ-ին որևէ խնդիր կարող է հանդիսանալ ՆԱՏՕ-ի երկրի կողմից սպառազինություն ստանալու համար. «Ֆրանսիան, ինչպես ասում են, առաջին ծիծեռնակն էր, և ես կարծում եմ, որ երբ կարծրատիպը կոտրվում է, այլևս հնարավոր չէ գործընթացը կանգնեցնել։ Կարծում եմ, որ ունենք լուրջ հեռանկարներ Եվրամիության անդամ երկրների հետ համագործակցելու, բայց չպետք է պատրանքներ ունենալ, որ դա մի քանի ամսում կլուծի Ադրբեջանի հետ հավասարակշռության հարցը, դա տարիներ է տևելու, բայց այդ գործընթացը սկսելը պետք էր»։
Անդրադառնալով Հայաստանի եվրաասոցացմանը՝ Նավասարդյանը նկատեց. «Այստեղ ես տարբերակում կմտցնեի այն հարցի հետ, որ ՀԱՊԿ-ում ֆորմալ անդամակցությունը չխանգարեց, որ սպառազինություններ մատակարարվեն ՀՀ առայժմ Ֆրանսիայից, ինչ վերաբերում է ասոցացման հարաբերություններին Եվրամիության և Եվրասիական միության հետ, այստեղ այդպես չի լինելու։ Այստեղ պետք են լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ Այսինքն՝ եթե ՀՀ-ն վերադառնում է ԵՄ-ի հետ եվրաասոցացման համաձայնագրին, ապա պետք է ունենալ պլան, թե ինչպես է ՀՀ-ն փոքր քայլերով դուրս գալիս Եվրասիական միությունից՝ առանց վնասելու իր տնտեսությունը»։
