82 տարեկանում մահացել է PDF-ի հեղինակ և Adobe-ի համահիմնադիր Ջոն Ուորնոքը: Այս մասին հայտնում է ծրագրային ապահովումը մշակած ընկերության մամուլի ծառայությունը։ Ամերիկացի գիտնականը մահացել է շաբաթ օրը՝ օգոստոսի 19-ին: Այս մասին գրում է RTVI–ը:
Ուորնոքը Adobe Systems-ը հիմնադրել է 1982 թվականին Չարլզ Գեշկեի հետ միասին: Մինչ այդ ձեռնարկատերերը միասին աշխատել են Xerox-ում։ Նոր ընկերության առաջին արտադրանքը PostScript էջի նկարագրության լեզուն էր, որը հեղափոխություն արեց հրատարակչական ոլորտում և մինչ օրս օգտագործվում է տեքստային փաստաթղթեր և պատկերներ տպելու համար:
Ուորնոքը նաև դարձավ Adobe Illustrator ծրագրի հեղինակը և Portable Document Format (PDF) ֆայլի ձևաչափի ստեղծողը, որի վրա նա սկսել էր աշխատել դեռ 1991 թվականին։ Սկզբում ձևաչափը հայտնի չէր, բայց տարիների ընթացքում այն շարունակեց զարգանալ և դարձավ աշխարհում ամենատարածվածներից մեկը:
Ուորնոքը ստացել է մի քանի մրցանակներ գիտության և տեխնոլոգիաների ոլորտում իր ավանդի համար, այդ թվում՝ 1989 թվականի ACM Software Systems Awards, 2009 թվականի ԱՄՆ Տեխնոլոգիաների և նորարարության ազգային մեդալը և 2010 թվականի Marconi մրցանակը հաշվողական և հաղորդակցության գիտության համար: