Վաղը՝ դեկտեմբերի 5-ին, Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 13 անդամներն ու ավագանու անկախ անդամ, «Ապրելու երկիր» (ԱԵ) խմբակցությունը ամիսներ առաջ լքած Սիմոն Զախարովը համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր»-ի ցուցակով համայնքապետ դարձած նախկին ՀՀԿ-ական Արկադի Թամազյանին անվստահություն կհայտնեն։ Անվստահություն հայտնելու նախաձեռնության հեղինակները առաջարկում են համայնքի ղեկավար ընտրել ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։
Հիշեցնենք՝ 2022-ի սեպտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր»-ն ու «Ապրելու երկիր»-ը, չհաղթահարելով 50 տոկոսի շեմը, ստացել էին ավագանու հավասար՝ 13 մանդատ։ «Ապրելու երկիր»-ը կոալիցիա կազմեց ընդամենը 1 մանդատ ստացած «Հայ ազգային կոնգրես»-ի հետ, և ավագանին քաղաքապետ ընտրեց Ա. Թամազյանին, փոխքաղաքապետ՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Պապոյանին։ Ընտրությունից հետո ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար դարձավ Շնող համայնքի նախկին ղեկավար Դավիթ Ղումաշյանը՝ ՔՊ-ի ցուցակը գլխավորած Արեն Մկրտչյանը ինքնաբացարկ էր հայտնել: Թե Ղումաշյանը, թե ավագանու անկախ անդամ Ս. Զախարովը մամուլում պատճառաբանել են Ճոճկան, Ախթալա համայնքները ղեկավարած Թամազյանին անվստահություն հայտնելու իրենց նախաձեռնությունը՝ մասնավորապես նշելով՝ դեմ են նրա կառավարման ոճին։
Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ դեկտեմբերի 5-ին ավագանու արտահերթ նիստը խոչընդոտելու նպատակով Արկադի Թամազյանն իր կողմնակիցների միջոցով բողոքի ակցիա է կազմակերպելու։
Նախօրեին էլ, շտապելով կանխել տեղի ունենալիք անվստահության գործընթացը, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ու ԱԵ փոխնախագահ Մեսրոպ Առաքելյանը ասուլիս էին հրավիրել։ Լևոն Զուրաբյանը, հավատարիմ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջաններից ժողովրդին քաջածանոթ իր քնարին, ահազանգել է՝ «իշխանությունը պատժիչ մեքենան աշխատեցնում է ընդդիմադիր համայնքապետերի դեմ»։ «Նրանք չեն կարողանում հաշտվել ժողովրդի կամքի հետ, գնում են ամեն տեսակի ճնշման, մանիպուլյացիայի, ամեն տեսակի Սահմանադրության, օրենքի խախտման, միայն թե ապահովեն ՀՀ-ում ՔՊ-ի անվերապահ տիրակալությունը։ Ու հարց է ծագում՝ ինչո՞ւ են հետևողական այդ հարցում։ Դե հիմա թող Ալավերդիում էլ ընդդիմադիր գործիչ կառավարի։
Ինչո՞ւ պետք է իշխանությունը չհանդուրժեր էս, թեկուզ նրա համար, որ ցույց տար՝ տեսեք, մեզ մոտ ժողովրդավարություն է, մենք հանդուրժում ենք։ Գիտե՞ք ինչու, որովհետև ուզում են անվերահսկելիորեն թալանե՛լ երկիրը, ուրիշ բացատրություն չկա, իրենք չեն ուզում, որ որևէ լծակ հայտնվի իրենց վերահսկողությունից դուրս»,- աղաղակել է ՀԱԿ ներկայացուցիչը։
Պարոն Զուրաբյանն ակնհայտորեն կոգնիտիվ դիսոնանսի մեջ է՝ իրեն թվում է, թե երկրում դեռ «վերից վար կոռումպացված», «լիովին մաֆիոզ» Սերժի, Քոչարյանի ժամանակներն են, ու կուսակցությունները ձգտում են իշխանության, որ մինչև իսկ գյուղապետերի մակարդակով զբաղվեն պետական միջոցների անողոք թալանով՝ համայնքի միջոցները անամոթաբար տանելով իրենց տները։ ՀԱԿ փոխնախագահին թերևս պետք է հորդորել հրաժարվել իր հին, այլևս չաշխատող իր «արշինից», վերադառնալ մեր օրեր և իրականության վերաբերյալ իր սուբյեկտիվ դատողությունները չշարադրել մառազմի ժանրում։ Ալավերդիում ստեղծված իրավիճակի մասին աղմկելիս էլ աղմկել ՀԱԿ-ի ստացած քվեների ու 1 մանդատի «գյորա»։ Թե չէ՝ ստացվում է հայտնի առակի պես՝ «մուկ են բռնել, բայց փիղ բռնածի «շուխուռ» են գցել»։
Հիշեցնենք, որ Ալավերդիում ընտրություններին մասնակցած 14 հազար 46 հոգուց ՀԱԿ-ին ձայն էր տվել ընդամենը 340 ընտրող, ու ՀԱԿ-ը թեև չէր հաղթահարել անցողիկ շեմը, բայց օրենքի ուժով 1 մանդատ ստացավ, որովհետև համաձայն օրենքի՝ համայնքի կառավարումը պետք է կազմված լինի երեք ուժից։ ՔՊ-ին ձայն էր տվել 6 557, «Ապրելու երկիր»-ին՝ 6 791։ Ի դեպ, ՀԱԿ ցուցակը գլխավորող Նորայր Գևորգյանը ընտրություններից հետո հրաժարվեց մանդատը վերցնել։ Նա մեզ հետ զրույցում նշել էր, որ ընտրությունների նման արդյունքը անսպասելի էր իր համար։ Գևորգյանը հրաժարվեց ստանձնել համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը՝ իր որոշումը պատճառաբանելով այն հանգամանքով, որ «Ապրելու երկիր» կուսակցության կուրատորը Ռուբեն Վարդանյանն է։ «Ես Ռուբեն Վարդանյանի հետ ճանապարհ չունեմ գնալու։ Ներկայիս ՌԴ-ից եկած ցանկացած էմիսար ինձ համար անընդունելի է։ Ինձ համար դա կարմիր գիծ էր, ես դա չանցա»,- հայտարարել էր Գևորգյանը։
Մի կարևոր դիտարկում էլ. Լևոն Զուրաբյանը, փաստորեն, որի կուսակցությանը օրենքի ուժով բաժին է հասել մեկ մանդատ, և այդ մեկ մանդատով, ԱԵ-ի հետ կոալիցիա կազմելով, ստանձնել է համայնքի կառավարումը, դեմ է, որ գործի նույն այդ օրենքով նախատեսված մյուս մեխանիզմը՝ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելը։ Ավելին՝ Զուրաբյանը և ընդդիմադիր մյուս ուժերը, որոնք համայնքային մակարդակով տեղի ունեցող ընտրություններին մասնակցելով «այս իշխանությանը հեռացնելու» գերնպատակ են իրենց առաջ դրել, վստահ ենք, դեմ չէին լինի, եթե, ասենք, Երևանում կամ այլ համայնքում, որտեղ իշխող ուժը ՔՊ-ն է կամ կոալիցիան, ընդդիմությունը որոշեր համայնքի ղեկավարին անվստահություն հայտնել։ Ավելին, նրանք մեծ հավանականությամբ կողջունեին օրենքով նախատեսված այդ գործիքի կիրառումը։ Բայց երբ հերթը հասնում է համայնքի ավագանիում ընդդիմության կարգավիճակում գտնվող ՔՊ-ի կողմից համայնքի կառավարող ուժին կամ կոալիցիային անվստահություն հայտնելուն, մաշված, զրոյացած ռեյտինգով քաղաքական ուժերի (որոնցից մեկն էլ ՀԱԿ-ն է) ղեկավար անդամները ընդդիմանում են և իշխանության փշրանքից զրկվելու ահից, փաստորեն, սկսում են անհեթեթություններ դուրս տալ։ «Մեր գերնպատակը ժողովրդավարության ապահովումն է, մենք ինչի ընտրեցինք համագործակցությունը ԱԵ-ի հետ, մենք ունենք մեր հակասությունները, նենց չի, որ ամեն, ամեն հարցում իրար հետ համաձայն ենք։ Մենք հայտնվել էինք «թինգմեյկերի» կարգավիճակում, մեր որոշումից կախված էր՝ ՔՊ-ի ներկայացուցիչն էր դառնում համայնքապետ, թե ԱԵ-ի։
Մենք տեսնում էինք, որ չնայած ադմինիստրատիվ ռեսուրսների օգտագործմանը՝ ժողովուրդը իր ընտրությունը կայացրել է հօգուտ էս թեկնածուի, հետևապես մեր պարտքն էր աջակցել ժողովրդավարական ընտրությանը։ Մենք հիմա էլ ենք դրանով զբաղվում, ուզում ենք, որ ժողովրդի կամքը առաջնային լինի։ Մենք ուզում ենք խոչընդոտել էս ճնշումներին և ամեն ինչ անելու ենք, որ ժողովրդի կամքը հաղթի»,- հայտարարել է Զուրաբյանը։ ՀԱԿ ներկայացուցիչը թերևս պետք է կողմնորոշվի՝ ընտրությունները, ինչպես ինքն է պնդում, «վարչական ռեսուրսների» օգտագործմա՞մբ էին կայացել, թե՞ ժողովրդավարական էին, ինչի հետևանքով էլ, փաստորեն, հաղթեց ԱԵ-ի թեկնածուն։
Ի դեպ, Զուրաբյանը, խոսելով «Ապրելու երկիր»-ը լքած անդամի մասին, կրկնել է ապրելուերկիրականների ձևակերպումն ու ավագանու անդամի՝ ՏԻՄ օրենքով նախատեսված որոշումը՝ դուրս գալ խմբակցությունից, մեկնաբանել որպես «մարդ գողանալ»։ Ստացվում է, որ երբ ՀԱԿ-ի մեկ անդամն է միանում ԱԵ-ին և կոալիցիա կազմում, դա ԱԵ-ի կողմից «մարդ գողանալ» չէ, իսկ երբ ԱԵ-ից ավագանու մեկ անդամ որոշում է լքել խմբակցությունը, դա, ըստ Զուրաբյանի և ԱԵ-ականների, «մարդ գողանալ» է։ Ու այս՝ քաղաքականությունը երկակի ստանդարտներով, իսկ ավելի ճիշտ՝ սեփական «կարդացածության ու փչացածության» մակարդակով մեկնաբանող քաղաքական ուժերը, փաստորեն, մեկ տարի կառավարել են Ալավերդին, ավելին, պահանջում են, որ Ալավերդիում իշխանափոխությունը տեղի ունենա ոչ թե օրենքով սահմանված գործիքի կիրառմամբ, այլ նոր ընտրություններ նշանակելով։ Իսկ որ ամենազավեշտականն է՝ մեղադրում են ՔՊ-ին նոր ընտրությունների չգնալու, պարտություն կրելուց վախենալու մեջ։
Հ. Մ.
