«Իմ համոզմունքը եղել և մնում է այն, որ այն, ինչ ինստիտուցիոնալ չէ, արդարություն չէ, չի կարող լինել, հակառակ դեպքում մեկը արդարադատություն կարող է համարվել մյուսին շքամուտքում գնդակահարելը, երկրորդը՝ ծնոտը ջարդելը, երրորդը՝ մյուսի բիզնեսում փայ մտնելը, չորրորդը սեփականությունը ձեռքից առնելը։
Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ դա ոչ միայն չի կարող լինել արդարություն, եթե նույնիսկ հանրային կարծիքով արդար համարվի, այլև պետության և պետականության խարխլման ուղիղ ճանապարհ, պետություն ունենալու կամքի բացակայության բարձրագույն արգասիկ։
«Արդարությունը ինստիտուցիոնալ երևույթ է, այն, ինչ ինստիտուցիոնալ չէ, արդարություն չէ, արդարադատություն չէ, չի կարող լինել այդպիսին։ Այստեղ հարց է ծագում՝ իսկ Կառավարությունը որևէ բան արե՞լ է, կամ ի՞նչ է անում, որ ՀՀ–ում հաստատվի խորը ինստիտուցիոնալ արդարություն և արդարադատություն, այս հարցի պատասխանը տալիս է ՀՀ պետական բյուջեն։
2018 թվականի համեմատ 2023 թվականին դատական համակարգի ֆինանսավորումը կրկնապատկվել է, 2024 թվականին էլ այդ միտումը ավելի կընդգծվի։
Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձերը էականորեն բարձրացել է բավական բարձր բազայի վրա, իսկ վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորների աշխատավարձը կբարձրանա 2024 թվականի հունվարի մեկից։ Դատախազության ֆինասնավորումը 2018 թվականի համեմատ 2023 թվականին ավելի քան կրկնապատկվել է, դա կընդգծվի 2024 թվականին, դատախազների աշխատավարձը գրեթե կրկնապատկվել է։ Քննչական կոմիտեի ֆինանսավորումը 2023 թվականին 2018 թվանաի համեմատ աճել է 256 տոկոս, կոմիտեի քննիչների աշատավարձերը կրկնապատկվել է»,– ներկայացրեց վարչապետը։
Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը 2018 թվականի կամ հատուկ քննչական ծառայության համեմատ աճել է 443 տոկոսով։ Քննիչների աշխատավարձը էականորեն ավելացել է արդեն իսկ բարձր բազայի վրա, իսկ օպերատիվ աշխատողները ստանում են նախկինում չլսված աշախտավարձեր։ Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը գրեթե կրկնապատկվել են, էականորեն մեծացել է սահմանադրական դատարանի ֆինանսավորումը։
Կառավարության ղեկավարը շեշտեց՝ այս բոլոր որոշումները կայացրել է Կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը, հավատալով՝ արդարադատության ինստիտուցիոնալ էության և դատական համակարգի անկախությանը։
