«Երբեմն տպավորություն է, որ դատավարությունները կարող են տևել հավերժ, ու սրանում չափազանցություն չկա։ Կան իրավաբաններ, ովքեր սա գնահատում են որպես դատական իրավունքների չարաշահում, ու քանի որ ձգձգումները տեղի են ունենում հիմնականում ամբաստանյալների նախաձեռնությամբ, մի այլ խումբ իրավաբաններ էլ ասում են, թե դա մարդու իրավունքների իրացման հարց է, և այստեղ սահմանափակումներ դնելը բացասական կազդի մարդու իրավունքների պաշտպանության վրա»։
Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը։
«Մյուս կողմից հարց է ծագում՝ տուժողները մարդիկ չե՞ն, նրանց շահերն ու իրավունքները ովքե՞ր պետք է պաշտպանեն։ Հանրությունը, որ բազում գործերով ճշմարտություն իմանալու իրավունք ունի, մարդկանցից չի՞ բաղկացած, կամ դատավարությունների անհարկի ձգձգումները ՀՀ-ում մարդկանց պաշտպանվածության զգացումը մեծացնո՞ւմ են, թե՞ ընդհակառակը, կարծում եմ՝ ընդհակառակը։ Եվ որպես մի մարդու, որը նախաձեռնել է 2019 թվականին դատարանների մուտքերը շրջափակելու ակցիան, սա դառը արձանագրում է ինձ համար։ Այն ժամանակ շատերը փորձում էին ներկայացնել որպես արդարադատությանը խոչընդոտելու փորձ։ Իրականում մենք դատարանի դռները մի քանի ժամով փակել էինք՝ արդարադատության դռները բացելու համար։ Պիտի արձանագրեմ, որ արդարադատության դռները դեռևս լիարժեք ու բավարար չափով բացված չեն»,- ասաց նա։
Այս համատեքստում Կառավարության ղեկավարը նկատեց՝ ուրեմն ի՞նչ է պետք անել:
«Իմ համոզմունքը շարունակում է մնալ ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, պետք է կենդանի պահենք արդարության և արդարադատության հանրային պահանջը, ի հեճուկս բոլոր դժվարությունների պետք է անսասան պահենք մեր հավատը դատական անկախ համակարգ ունենալու իդեալի նկատմամբ։ Այս գործընթացում էական է ԱԺ դերը։ Դատական համակարգում պետք է ընտրվեն այն թեկնածունները, որոնք հավատում են արդարությանն ու արդարադատությանն անկախ դատական համակարգին և ունեն բարեվարքության պատշաճ աստիճան»,- ընդգծեց երկրի ղեկավարը:
Մանրամասները՝ տեսանյութում:
