Կաթնաշոռային կարկանդակ՝ ծիրանով

Ծիրանով կարկանդակները սիրված են շատերի կողմից։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ծիրանի կարկանդակի տարբերակ ՝ այս անգամ կաթնաշոռով և շոկոլադե խմորով:

Բաղադրիչները․

Խմորը

• Ալյուր՝ 2 բաժակ
• Շաքարավազ՝ 0,5 բաժ․
• Արևածաղկի ձեթ ‘0,5 բաժ․
• Կաթ՝ 1 բաժ
• Խմորի փխրեցուցիչ (12 գ) ՝ 1 տուփ
• Հավի ձու՝ 2 հատ:
• Կակաոյի փոշի՝ 2 ճաշի գդալ։

Լիցքը

• Ծիրան (մոտավորապես)՝ 1 կգ
• Կաթնաշոռ՝ 500 գ
• Հավի ձու՝ 3 հատ
• Կարագ՝ 50 գ
• Վանիլային պուդինգ (38 գ)՝ 1 տուփ
• Շաքարավազ՝ 4 ճաշի գդալ
• Կաթ

Պատրաստման ժամանակը’ 70 րոպե։

Պատրաստման եղանակը․

Բաժակի չափը՝ 250 մլ,, կաղապարինը՝ 20 X 30 սմ:

Ալյուրի վրա լցնել կակաոն և փխրեցուցիչը, խառնել:

Ձվերը հարել շաքարավազի հետ:

Ավելացնել արևածաղկի ձեթը և կաթը: Խառնել:

Ավելացնել ալյուրի և կակաոյի խառնուրդը, մանրակրկիտ խառնել:

Լվանալ ծիրանները, հանել կորիզները և բաժանել երկու կամ, եթե ծիրանները մեծ են՝ չորս մասի:Լիցքի համար փափկացրած կարագը տրորել մեկ գդալ շաքարավազով: Ավելացնել ձվերը և մնացած շաքարավազը, հարել: Ավելացնել կաթնաշոռը, վանիլային պուդինգը, խառնել: Ավելացնել շաքարավազ՝ ըստ ձեր ճաշակի: Լիցքը բավականին խիտ է ստացվում, այնպես որ պետք է մի քիչ կաթ ավելացնել, որպեսզի դրա ջրիկությունը մոտ լինի խմորինին: Կաթը կարելի է փոխարինել ծիրանի յոգուրտով:

Կաղապարը պատել թխվածքային թղթով: Լցնել խմորի կեսը, հարթեցնել: Վրայից լցնել կաթնաշոռային լիցքը, հավասարեցնել ջրի մեջ թաթախված գդալով:

Կաթնաշոռի վրա շարել ծիրանը:

Վրայից լցնել խմորի մնացած մասը՝ օգտագործելով ջրի մեջ ընկղմված գդալ: Կարկանդակը դնել նախապես տաքացված ջեռոցում և 45 րոպե թխել՝ 180 աստիճանի տակ։ Եփածության աստիճանը ստուգել փայտե չոփով: Եթե կարկանդակը դեռ չի թխվել, ջերմաստիճանը իջեցնել 170 աստիճանի և թխել մինչև եփվելը:

Պատրաստի կարկանդակը սառեցնել կաղապարի մեջ, ապա հանել: Սառած կարկանդակի վրա ցանել շաքարի փոշի:

Բարի ախորժակ!

Աղբյուր` LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում