Դիմադրություն լինելու է՝ անկախ ամեն ինչից․ Ռուբեն Վարդանյանը՝ 3 տարրերի մասին, որոնք պետք է միավորվեն

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Caucasus Watch միջազգային պարբերականին՝ ներկայացնելով Արցախում և Արցախի շուրջ և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Պարբերականի հարցին, թե արդյոք իր խոսքերի մեջ կանխավարկած կա, որ պատրաստվում են դիմադրության՝ նույնիսկ բռնության սցենարով, Ռուբեն Վարդանյանը պատասխանել է․

 

«Միանշանակ՝ այո՛։ Դիմադրություն լինելու է՝ անկախ ամեն ինչից:

 

Եվ այստեղ արժե մի հանգամանք նշել. երբ դիմադրության ուղերձը հստակ է, և ազգը կանգնած է դրա թիկունքին, անսպասելի աջակցություն ստանալու հնարավորություններ ստեղծվում են: Հենց որ մենք հստակորեն գիտակցենք մեր իրավունքների համար պայքարելու մտադրությունը, համոզված եմ, կկարողանանք օգտվել աջակցության հնարավորություններից։ Պետք չէ նայել միայն Արևմուտքին կամ Ռուսաստանին։ Մենք պետք է աշխատենք բոլոր կողմերի հետ, այդ թվում՝ Արևելքի հետ, և այնպես անենք, որ այս գործակցային հարաբերություններն ու դաշինքները հնարավորինս ծառայեն մեր շահերին։

 

Վճռական լինելով մեր իրավունքների համար պայքարելու մտադրության հարցում՝ ես հավատում եմ, որ մենք կարող ենք ունենալ աջակցության այս հնարավորությունները: Որոշակի հանգամանքներում հակառակորդները կարող են անգամ համագործակցել, և մենք կարող ենք ձգտել նման վայր դառնալ»:

 

Իր խոսքում նա նաև նշել է․

 

«Եվ այսպես, կան երեք տարրեր, որոնք պետք է միավորվեն.

 

Առաջին՝ դիմադրելու և մեր իրավունքների համար պայքարելու ցանկությունը պետք է ավելի հստակորեն ձևակերպվի՝ և՛ մեր ներքին ճակատը համախմբելու, և՛ աշխարհում մեզ ավելի հստակորեն դիրքավորելու համար:

 

Երկրորդ՝ մենք պետք է պատրաստ լինենք համաշխարհային ստատուս քվոյի վերափոխմանը և պատրաստ լինենք նոր սպառնալիքներին դիմակայելու և նոր հնարավորություններից օգտվելու։

 

Երրորդ՝ մենք պետք է սկսենք խոսել Ադրբեջանի հետ, եթե նույնիսկ չենք բանակցում նրա հետ։ Անհրաժեշտ է Ադրբեջանին հասկացնել, որ նա չափից շատ է խաղարկում իր «ուժեղ ձեռքը»։ {Նախագահ} Ալիևը փորձում է առավելագույնի հասցնել իր կարճաժամկետ օգուտները՝ չմտածելով երկարաժամկետ հեռանկարի մասին: Ո՞վ գիտի, թե ինչ է լինելու 20 տարի հետո: Երկիրը, որը բացառապես կախված է նավթի ու գազի եկամուտներից, շուտով կարող է հայտնվել բազմակողմանի ճգնաժամի առջև: Շատ չկենտրոնանալով այս թեմայի վրա, կարծում եմ, որ նա իր ներկայիս հզորությունը խելամտորեն չի օգտագործում»:

Կիսվել սոց․ ցանցերում