Թիրախում Արցшխի նախագահն էր․ «Ազատ Հայրենիքը» պատասխանել է Ռուբեն Վարդանյանին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ամենամեծ` «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցությունը հայտարարություն է տարածել` ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի` օրերս տարածած տեսաուղերձում հնչեցրած պնդումների վերաբերյալ․

«Պետականության դեմ ցանկացած քայլ դատապարտելի և անընդունելի է։ Այս դիրքորոշումը հանրային դաշտում անընդհատ կրկնում են Արցախի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները։

Կրկնում են, բայց շատերն իրենց գործողություններում երբեմն իրագործում են ճիշտ հակառակը։

Նրանց կողմից, հանուն նեղ խմբային շահի, հաճախ երկրորդվում է հանրային, պետական շահը։ Հնչում են, իրենց կարծիքով, հասարակության համար ականջահաճո, բայց իրականում պոպուլիստական, պետական ինստիտուտները ուղիղ թիրախավորող կոչեր և ուղերձներ։

Նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի կողմից Հակոբավանքից օգոստոսի 19-ին հնչեցրած ուղերձը նույնպես այդ շարքից էր։

Թիրախում երկրի նախագահն էր ու նախագահական ինստիտուտը։

Որևէ պետական պաշտոն չզբաղեցնող, ժողովրդի վստահության քվեն չստացած որևէ քաղաքական թևի ներկայացուցիչ չհանդիսացող, հասարակական գործիչ պարոն Վարդանյանի ներկայացմամբ` Արցախի Հանրապետության նախագահը խոստացել է հրաժարական տալ, բայց չի կատարել այն։

Թե ինչ քաղաքական հետևանքներ և ինչպիսի զարգացումներ պիտի լինեն այդ հրաժարականից հետո, և ինչպես կթիրախավորվի պետականությունը նման պայմաններում՝ հասկանալի է ու պարզ բոլորի համար։

Անհասկանալի են առանձին խմբերի նեղ խմբային շահեր սպասարկող անհատների պատկերացումներն իշխանության, լիազորությունների և պետության մասին։

Նրանք չէ, որ պիտի որոշեն, թե երբ և ինչպես պետք է հրաժարական տա Արցախի Հանրապետության նախագահը և ով պիտի զբաղեցնի նախագահի` թափուր մնացած պաշտոնը։

Արցախի Հանրապետության նախագահին ընտրել է ժողովուրդը, ով Արայիկ Հարությունյանին տվել է իր վստահության քվեն ու հաստատել քաղաքական որոշումներ կայացնելու նրա լիազորությունը։

Ժողովուրդն է իշխանության աղբյուրը, և միայն ժողովրդի պահանջով կամ համաձայնությամբ են ձևավորվում կամ հեռանում իշխանությունից քաղաքական գործիչներն ու ուժերը։

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ու դերակատարներին զերծ մնալ հակասահմանադրական և պետականաքանդ հայտարարություններից, լինել կոռեկտ ու զուսպ հայրենիքի համար այս ծանր ու դժվարություններով լի ժամանակահատվածում։

Քաղաքական ուժերը, հասարակական գործիչները պիտի վերջապես հասկանան, որ իշխանության համար պայքարն իմաստ ունի, եթե կա պետություն, որի դեմ կատարած ցանկացած քայլ կարող է ճակատագրական լինել այս փուլում։

Նեղ խմբային շահը այս պահին առաջ տանելը չի բխում Արցախի Հանրապետության շահերից և, հետևաբար, ենթակա է դատապարտպման ու կանխարգելիչ գործողությունների»։

Կիսվել սոց․ ցանցերում