«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց իր կողմից մշակված օրենքների նախագծերի փաթեթը։
Պարտադիր զինվորական ծառայությանը վերաբերվող գործող կարգավորումներով 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած երիտասարդները ենթակա են դատապարտման, նրանք որևէ տարբերակով չեն կարող ազատվել քրեական հետապնդումից, մեծ ցանկության դեպքում չեն կարող ծառայել, քանի որ համարվում են զինվորական ծառայության սահմանային տարիքն անցած։
Ըստ այդմ՝ Սարգսյանը առաջարկում է հետևյալը․
«Առաջարկում եմ 27 տարին լրացած և զինվորական ծառայության չանցած երիտասարդներին տալ հնարավորություն ազատվել քրեական պատասխանատվությունից՝ 1–ին՝ երկու տարի ծառայելով, երկրորդ՝ մեկ տարի ծառայելով և պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ, երրորդ՝ 6 ամիս ծառայելով և վճարելով 5 մլն դրամ, չորրորդ՝ 1 ամիս ծառայելով և վճարելով 10 մլն դրամ, և վերջինը՝ վճարելով 15 մլն դրամ։
2004–2019 թվականին գործել է սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների մասին օրենք, որը հնարավորություն է տալիս պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին վճարել 200 հազար դրամ յուրաքանչյուր բացակայած զորակոչի համար և ազատվել պատասխանատվությունից, այս օրենքից օգտվել է 10 հազար քաղաքացի։ 2021 թվականին, երբ որևէ կարգավորում չկար, ԱԺ–ն ընդունեց համաներման մասին օրենք, որից օգտվեցին 1360 քաղաքացիներ, չվճարելով որևէ դրամ և չծառայելով որևէ օր, ազատվեցին քրեական պատասխանատվությունից։
Եթե այն ժամանակ ընդունվեր իմ կողմից առաջարկված կարգավորումները, ապա կունենայինք 10 միլիրադ հավելյալ մուտքեր պետական բյուեջ և 100–ից ավելի զինծառայողներ մեր զինված ուժերում։ Այսօր բանակում չծառայելու համար հետախուզման մեջ են գտնվում ավելի քան 10 հազար քաղաքացիներ, որոնցից շուրջ 5000–ը 27 տարին լրացած են։ Ես չեմ ցանկանում, որպեսզի մենք երբևէ անենք համաներում, բայց և չեմ ցանկանում 5000 քաղաքացիներին դատապարտել 5 տարվա ազատազրկման, քանի որ երկիրը դրանից չի շահի»։
Սարգսյանի խոսքով՝ նախագիծը հնարավորություն կտա տվյալ անձանց օգտակար լինելու իրենց պետությանը՝ ծառայելով, կամ գումար վճարելով, դատապարտվելու և պետության համար բեռ դառնալու փոխարեն, եթե 27 տարեկան անձանց չընձեռնվի նախագծով առաջարկվող հնարավորությունը, ապա գործող կարգովորումներով նրանք չեն վերադառանա հայրենիք մինչև 37 տարեկանը լրանալը, քանի որ 37 տարեկանում նրանք ազատվում են քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Այս դեպքում նրանցից քչերի մոտ պահպանված կլինի հայրենիք վերադառնալու ցանկությունը, իսկ վերադարձողները և չեն ծառայի և գումար չեն վճարի»։
Նախագծի ընդունման դեպքում, ըստ պատգամավորի, բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք, զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, նրանք կտան զինվորական երդում և կհաշվառվեն պահեստազորում, լրացուցիչ ֆինանսական միջոցներ մուտք կգործեն բյուջե, կխնայվի 27 տարին լրացած զինծառայողներին հայտնաբերելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, դատապարտելու, անազատության մեջ նրանց պահելու ֆինանսական միջոցներն ու նյութական միջոցները։ Որոշակի չափով կթոթափվի ոստիկանության, ՔԿ–ի, դատաախազության, դատարանների և իրավասու մյուս մարմինների ծանրաբեռնվածությունը։ Բազմաթիվ երիտասարդներ իրենց ընտանիքներով կվերադառնան հայրենիք, իրենց հետ բերելով օտարեկրյա պետություններով կուտակած ֆինանսական միջոցները, կստեղվեն նոր աշխատավայրեր։ Այն երիտասարդենրը, որոնք չեն տեղափոխվի ՀՀ մշտական բնակության, առնվազն որպես զբոսաշրջիկ կայցելեն հայրենիք։
«Գործող օրենսդրության համաձայն՝ ՀՀ–ում ծնված կամ մինչև 27 տարեկան լրացած ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք պարտավոր են անցնել զինվորական պարտադիր ծառայություն երկու տարի ժամկետով, իսկ 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք նման պարտավորություն չունեն։ Պետք է շտկել, պարտադիր զինվորական ծառայության ենթակա կլինեն նաև 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացող 27 տարին լրացած անձինք, ընդ որում, նրանք հնարավորություն ունեն 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնել զինված ուժերում կամ պետական բյուջե վճարել 2,5 մլն դրամ»,– ասաց նա։
