Բամբասանքի մակարդակի օրակարգ է․ Վաղարշակ Հակոբյանը արտահերթ ընտրությունների գնալու մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ հարցին, թե տարբեր քննարկումներ կան, որ իշխանությունը նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում հնարավոր արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։

«Դա ֆեյք է և ուզում եմ համեմատել բամբասանքի մակարդակի օրակարգի հետ։ Ինչո՞ւ են լինում արտահերթ ընտրությունները, լինում են, երբ ժողովրդի կամարտահայտություն չի լինում Սահմանադրության պահանջով։ Արտահերթ ընտրություններ տեղի ունեցավ պատերազմից հետո, երբ մենք դրա միջով անցանք։ Նման բան չկա, արտահերթ ընտրությունների հիմք չկա։ Իշխանության և ընդդիմության միջև կառուցողական քննարկում է ընթանում, մեզ հաջողվեց ընդդիմությանը բերել աշխատանքային կառուցողական դաշտ, միգուցե իրենք եկան։ Բայց արտահերթ ընտրությունների օրակարգ չկա»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե ընդդիմությունը ներկայիս իշխանության համար նվեր է, Հակոբյանը արձագանքեց․ «Ես չգիտեմ՝ ընդդիմությունը մեզ համար նվեր է, թե չէ, որովհետև մենք ընդդիմությանը շատ լավ ենք վերաբերվում, աշխատում ենք, քննադատություններին հաշվի ենք նստում, և վերջին մի քանի տարիներին մեր ընդդիմությունը ԱԺ-ում չէր լինում, շրջագայությունների մեջ էր, բայց մենք մեր ընդդիմության հետ լավ աշխատանքային հարաբերություններ ունենք»։

Կիսվել սոց․ ցանցերում