Աղաչում եմ Քեզ, ի՛մ Տեր և Աստված Հիսուս Քրիստոս, փրկի՛ր ինձ և պահպանի՛ր բոլոր թշնամիներից և նրանց որոգայթներից, հոգևոր և մարմնավոր բոլոր փորձություններից և, մանավանդ, ներկա վշտերից ու փորձանքներից: Ինձ հետ եղի՛ր հանապազ օգնելու և փութա՛ ընկերանալու ինձ ամեն ժամ ՝ առավոտյան և գիշերը, տանը և ճանապարհին, նստելիս, ննջելիս և արթնանալիս, աշխատելիս և հանգստանալիս, որպեսզի երբե՛ք չսասանվեմ: Քանի որ, մանկությունիցս ի վեր Դո՛ւ ես իմ հույսն ու ապավենը, Դո՛ւ ես իմ հույսը ծերության ժամանակ և Դու ես իմ հույսն ու ապավենը իմ մահվան և Քո մյուս անգամ գալստյան ժամանակ: Դո՛ւ ես և ուրիշ ոչ ոք: Ի՛մ Տեր և Աստված Հիսուս Քրիստոս, ահա ես հոգով, մտքով, մարմնով և ամեն ինչով ինձ հանձնում եմ Քո անհուն ողորմությանն ու խնդրում, որպեսզի ինձ չզրկես Քո շնորհներից, չմերժես Քո խնամքից և չթողնես ինձ իմ կամքով գնալ, այլ Քո շնորհների մեջ պահես, Քո խնամքի տակ կառավարես և Քո կամքով ինձ առաջնորդես: Ինչպես Քո օրհնյալ կամքին է հաճելի, այնպես առաջնորդես ինձ կատարյալ լինելու և շարժվելու, որքան որ այս կյանքում կլինեմ: Իսկ իմ կյանքի օրերի ավարտին, Տե՛ր իմ, աղաչում եմ Քեզ անարատ ծնողիդ միջնորդությամբ, սուրբ Հովհաննես Կարապետի, սուրբ Ստեփաննոս Նախավկայի և Քո սուրբ առաքյալների ու մեր լուսավորիչներ՝ սուրբ Թադեոսի, Բարդուղիմեոսի, և Գրիգորի, բոլոր երկնավոր և երկրավոր Քո սրբերի աղոթքներով ու բարեխոսությամբ, Քո սուրբ նշանների՝ Քո կենսատու սուրբ Խաչի, կողամուխ Քո սուրբ Գեղարդի, սոսկալի սուրբ Բևեռների և Փշեղեն Քո Պսակի և Քո չարչարանքների մյուս սուրբ գործիքների շնորհներով և միջնորդությամբ տո՛ւր ինձ արթուն մտքով, կատարյալ դիտավորությամբ, ճշմարիտ հավատքով, աներկբա հույսով, առաքինի գործով, ստույգ խոստովանությամբ, ջերմագին զղջմամբ, Քո սուրբ կենարար մարմնի ու արյան հաղորդությամբ գալ առ Քեզ և արժանանալ Քո ամենացանկալի տեսությանն ու Քո երջանիկ սրբերի և սիրելիների հետ փառավորել Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ հավիտյանս հավիտենից. Ամեն:
Աղաչում եմ Քեզ, ի՛մ Տեր և Աստված Հիսուս Քրիստոս, փրկի՛ր ինձ և պահպանի՛ր
