Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը և իրեն սատարող ՀԿ փոքրաթիվ ներկայացուցիչները ոչ մի կերպ չեն հանդարտվում՝ փորձելով ԱԺ պատգամավորների դիրքորոշումը տեղափոխել անձնական դաշտ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ԱԺ-ն Հարությունյանին չընտրեց ԿԿՀ նախագահի պաշտոնում։ Հայկուհի Հարությունյանը փորձում է պատգամավորների հարցերը ներկայացնել որպես անձնական խնդիրներ, որովհետև պատգամավորները, ի թիվս այլնի, թեկնածուից հարցրել են, թե ԿԿՀ նախագահ եղած ժամանակ ինչո՞ւ իր ընտանիքի անդամները հայտարարագիր չեն լրացրել, ինչո՞ւ իր վերաբերյալ բարեվարքության հուշաթերթիկում չի հայտնվել, օրինակ, «Ինֆոքոմ»-ի հրապարակումը, մինչդեռ մյուս պաշտոնյաների դեպքում այդ հուշաթերթիկում հայտնվել են անգամ կեղծ, զրպարտչական և առանց ապացուցողական հենքի բամբասանքներ։
Նկատենք, որ սրանք անձնական հարցեր չեն. այս հարցերը բխել են ոչ թե Հայկուհի Հարությունյան անձից, այլ Հայկուհի Հարությունյան ԿԿՀ նախագահի պաշտոնից։ Տարօրինակ կլիներ, եթե նախկին նախագահին պատգամավորները չհարցնեին, թե ինչո՞ւ իր ընտանիքի անդամները չեն լրացրել հայտարարագիր այն դեպքում, երբ Հարությունյանն ի պաշտոնե մյուսներից է պահանջում լրացնել հայտարարագիր։ Այս հարցը չհնչեցնելու դեպքում ՀԿ սեկտորի ներկայացուցիչները պետք է պատգամավորներին հարցեր ուղղեին, ոչ թե այն ժամանակ, երբ այդ հարցը հնչել է։ ՀԿ ներկայացուցիչների դեպքում՝ անձնական մոտիվներով առաջնորդվելու կասկած, նվազագույնը, առաջանում է։
Հայկուհի Հարությունյանի՝ իրար հակասող հայտարարություններին արդեն անդրադարձել ենք, բայց նա շարունակում է ոչ միայն դրանք կրկնել, այլև նորերն անել։ «Փաստ»-ին տված հարցազրույցում Հարությունյանը ասել է, թե ԱԺ-ում առաջին օրը հարցեր են հնչեցրել 15-17 պատգամավոր, որոնցից 6-7-ը հարց են ուղղել բացառապես իր ընտանիքի անդամների հայտարարագրերի վերաբերյալ, և թեև Հարությունյանը մեկ անգամ պարզաբանել է, հայտնել, որ տեղեկությունը ճիշտ չէ, հայտարարագրերը ներկայացված են, հրապարակված, սակայն զուտ «պոպուլիստական» քաղաքականության տեսանկյունից պատգամավորները ցանկացել են այնքան հնչեցնել հրապարակային, որ դա իրականություն դառնա։
Հարությունյանը կրկին պնդում է, որ իր ընտանիքի անդամները հայտարարագիր լրացրել են, իսկ պատգամավորները փորձում են ներկայացնել, թե չեն լրացնել՝ պոպուլիզմից դրդված։ Բայց ինքը՝ Հարությունյանն է փաստել, որ իր ընտանիքի անդամները հայտարարագիր չեն լրացրել և դա արել են միայն «Ինֆոքոմ»-ի հրապարակած նյութից հետո։ Ավելին՝ վարույթ չեն նախաձեռնել այդ փաստով՝ ոչ թե որովհետև նման բան չի եղել, այլ որովհետև վաղեմության ժամկետն է անցած եղել։
Ինքն իրեն հակասելով՝ Հարությունյանը փորձում է ներկայացնել, թե անձնական դրդապատճառներից դրդված իշխանական պատգամավորները «ընկել են իր հետևից»։
Իսկ ո՞րն է «իր հետևից ընկնելու» պատգամավորների մոտիվը։ Հարությունյանն այս հարցի պատասխանը չունի, չնայած ակնարկում է, որ պատճառը իշխանական պատգամավորների նկատմամբ հարուցած իր վարույթներն են։ ԱԺ ամբիոնից պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին՝ Հարությունյանը նշել է, թե իշխանական մոտ 25 պատգամավորի նկատմամբ են վարույթներ հարուցվել։ Հետո միայն պետք է պարզվեր, որ դրանք 8-ն են, ոչ թե 25-ը։ Դրանցից 2-ի դեպքում էլ հանձնաժողովը վարույթի շրջանակներում պարզել է, որ խախտում թույլ չեն տվել։ Ուսումնասիրությունն արել էր Civilnet-ի փաստերի ստուգման թիմը։
Եվ ահա 6 պատգամավորի՝ հայտարարագրերը թերի լրացնելու հիմքով հարուցված վարույթների պատճառով, ըստ Հարությունյանի, իշխանությունը պետք է անձնական վրեժխնդրությամբ մոտենար իր ընտրությանը։ Ընտրության օրը լրագրողների հարցին, թե մեծ կրիմինալ չեք հայտնաբերել, ինչո՞ւ պետք է անձնական մոտիվներով ձեզ չընտրեին, ի պատասխան Հարությունյանն ասում է, թե համաձայն չէ այդ ձևակերպման հետ, ու օրինակ է բերում, որ դատավորի գործով իրենց կատարած վարույթի հիման վրա քրեական գործ է հարուցվել։ Թե ինչ կապ ունի սա պատգամավորների հետ՝ անհայտ է։
Թեմային անդրադառնալով՝ տիկին Հարությունյանը «Փաստ»-ին ասել է, թե ԱԺ մեծամասնությունն իր ընտրությունն իրականացնում է չգիտես ում անձնական շահագրգռվածության հարցերի հիման վրա։
Հարությունյանը նաև օրինակ է բերում դատավորներին՝ որ նրանք իրենց որոշումը կայացրել են օրենքին հղում անելով, այլ ոչ անձնական սիմպատիայով։
«Պատկերացրեք՝ դատավորը վերցներ և իր գործընկեր դատավորի վերաբերյալ կազմված բարեվարքության եզրակացությունը գնահատեր ոչ թե օրենքի և իրավունքի ստանդարտով, այլ՝ իրեն դուր գալ կամ չգալու, սիրել-չսիրելու կատեգորիայով, ի՞նչ կլիներ»։
Եթե տիկին Հարությունյանը կարծում է, որ պատգամավորները օրենք են խախտել, գոնե պետք է բարձրաձայնի այդ մասին, եթե չասենք՝ դիմի իրավապահներին։ Իսկ եթե ԱԺ կանոնակարգի տեսանկյունից է ասում, ապա պատգամավորներն իրենց ընտրությունը կատարում են ըստ իրենց խղճի, մտքի և համոզմունքի, նրանք դատավորներ չեն և չեն առաջնորդվում իրավական դրույթներով։
ԿԿՀ նախկին նախագահն ու արդեն նախկին անդամի նախկին թեկնածուն նույն լրատվամիջոցին տված հարցազրույցի ընթացքում ասել էր նաև, որ ամբողջը թողնված է պատգամավորների ճաշակին։ «Ամբողջը թողնված է պատգամավորների ճաշակին և նախասիրությանը՝ ինչ հարց տան, ինչպես մեկնաբանեն՝ սա էլ է թույլ տալիս խոսելու այն մասին, որ չեն կիրառում ստանդարտը, այլ՝ անձնական նախասիրությունը։ Իմ ընկալած կոռուպցիայի կանխարգելումը նրա մասին չէ, որ մենք փակ քննարկմամբ փորձենք իրար հետ հարց պարզել, իմ ընկալմամբ՝ կոռուպցիայի կանխարգելումը ինստիտուցիոնալ պատասխանատվության մասին է»,- ասել է Հարությունյանը։
Նույն հարցազրույցում Հարությունյանը նաև ասել է. «Իսկ եթե այդ հետևողականությունը չի դրսևորվում փոփոխությունն ինստիտուցիոնալ մակարդակում ապահովելու համար, այսինքն՝ ԱԺ-ն անմիջապես փակ քննարկում պետք է հրավիրեր Հանձնաժողովի գործող կազմով՝ հենց այդ հարցը քննարկելու համար, որ կոնկրետ անձին անհավանության արժանացրին՝ գտնելով, որ խնդիր կար, և եթե անձը գնաց, և խնդիրը դեռևս ակտուալ է, պետք է արագ այդ խնդիրն էլ լուծվի, որովհետև եթե ես այնտեղ չեմ, որտեղ համոզմունքը, որ եզրակացությունները նույն մեթոդաբանությամբ չի կազմվում, դա որոշմամբ հաստատված է»։
Հիմա հարց է առաջանում՝ Հարությունյանի համար փակ հանդիպումները ընդունելի՞, թե՞ անընդունելի դրսևորում են կամ ձև։
Հարությունյանը փորձում է իր շուրջը աղմուկ ստեղծել, թե իշխող ուժի ներկայացուցիչները իրեն չեն ընտրել, որովհետև նա իրենց վերաբերյալ վարույթներ է հարուցել, անհարմարություններ պատճառել, որ չընտրությունը եղել է անձնական մոտիվներով պայմանավորված, և փորձում է չեղածը ներկայացնել որպես արձանագրված փաստեր, եղածը ուռճացնել, իսկ որոշ դեպքերում եղած բաները հերքել։
Բացի այն բանից, որ իշխանական 8 պատգամավորի վերաբերյալ է վարույթ եղել, որից 6-ն է հաստատվել, ու որոնք վրիպակների պատճառով են եղել ու 200-հազարական դրամ տուգանքներով բավարարվել, իսկ Հարությունյանը ուռճացնելով նշել էր 25 թիվը, նաև խոսում էր իր նկատմամբ եղած ճնշումների մասին, որը հետո, ինչպես իր խոսքերից պարզվեց, մեկ անգամ է եղել՝ իր պաշտոնավարման սկզբին, ԱԱԾ պետի տեղակալի կողմից՝ զանգի և խնդրանքի տեսքով, որն էլ վարչապետի աշխատակազմի տեղեկանալուց հետո այլևս չի կրկնվել։ Եվ սա Հարությունյանը հոգնակի թվով ներկայացնում է որպես ճնշումներ։ Ընդ որում, նկատենք, որ այդ ճնշողն էլ ԱԺ-ի ու ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների հետ կապ չի ունեցել։
Վովա Հակոբյան
