Արան տարբերվում էր բոլորից, նրան շփոթել հնարավոր չէր ոչ մեկի հետ, և փայլում էր վերջերս. Արամե

Հիշողություններն Արայի մասին միայն լավն են ու պայծառ, այնքան էներգիա ուներ, այնքան կենսուրախ էր:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցող երգիչ Արամեն:

«Արան տարբերվում էր բոլորից, նրան շփոթել հնարվոր չէր: Եվ որպես մարդ, և որպես երգիչ բացառիկ տաղանդ ուներ:

Ճաշակով տղա էր, լավ երաժիշտ էր, ցավում եմ ինչպես բոլորը: Ես վստահ եմ՝ հազարավոր մարդիկ այսօր ցավ են ապրում, որովհետև կյանքից հեռացավ երիտասարդ, տաղանդավոր, գեղեցիկ մարդ, որը դեռ շատ երկար կարող էր երգել, իր ներկայությունը նվիրել ընկերներին ու երկրպագուներին: Բայց եղավ այն, ինչ եղավ, որի համար ցավում եմ:

Մայրիկի կորստից հետո մի քանի անգամ հանդիպել ենք, դա մեծ ողբերգություն էր Արայի համար, սակայն նա կարողանում էր բեմ բարձրանալ այնպես, ինչպես անհրաժեշտ էր, ինչը խոսում է նրա գերպրոֆեսիոնալ լինելու մասին:

Արան ազգասեր, ընկերասեր մարդ էր, նա իրեն Հայաստանում շատ լավ էր զգում:

Մի քանի երգ կա, որն իմ մտքում է միշտ: Վերջերս մեկը-մյուսի հետևից գեղեցիկ երգեր էր ներկայացնում, կարծես Աստված էր ուղարկում, և դա պատահական չէր, նա վերջին շրջանում պարզապես փայլում էր»,- ասաց Արամեն:

Հիշեցնենք՝ Արա Մարտիրոսյանի մահվան մասին հայտնի դարձավ դեկտեմբերի 15-ին: Նրա մոտ սրտի կանգ է գրանցվել: Երգիչը 46 տարեկան էր:

Կիսվել սոց․ ցանցերում