Նոր խորհրդակցություններ պետք է տեղի ունենան Բրյուսելում, Երևանում ու Բшքվпւմ. Հաջա Լահբիբ

Բրյուսելում կայացած վերջին բանակցությունները ցույց տվեցին, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է, և 2 երկրների ղեկավարների պարտականությունն է ամեն ինչ անել՝ թույլ տալու, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդները խաղաղության մեջ ապրեն: Այդ մասին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպումից հետո՝ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարեց Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբը:

 

«Նոր խորհրդակցություններ պետք է տեղի ունենան Բրյուսելում, ինչպես նաև Երևանում ու Բաքվում, և մենք՝ բոլորս, հուսով ենք, որ դրանք պատմական շրջադարձի կհասնեն, և դրան հասնելու համար, գիտեք, որ կարող եք ձեր հույսը դնել ԵՄ-ի վրա:

 

Այս դժվարին համատեքստում ցանկանում եմ ողջունել նաև Հայաստանի որոշումը՝ իր տարածքում ընդունելու ԵՄ դիտորդական առաքելությունը, որի նպատակն է սահմանամերձ շրջանում անվտանգություն և կայունություն ապահովելը»,- ասաց Բելգիայի ԱԳ նախարարը, ապա հավելեց. «Կրկնում եմ՝ Բելգիան խորապես մտահոգված է հումանիտար իրավիճակով և դրա վատթարացմամբ:

 

Լաչինի միջանցքով տեղափոխման սահմանափակումը լուրջ հետևանքներ է ունենում, և հիվանդությունների ու սովահարության սպառնալիք է առաջացնում»:

 

Բելգիայի ԱԳ նախարարը նաև տեղեկացրեց, որ առավոտյան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ իր հանդիպման ժամանակ հաստատվեց, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների կյանքը վտանգի մեջ է, և որ դա անընդունելի է:

 

«Բելգիան ամբողջապես ընդունում է Եմ դիրքորոշումը, և Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել ԼՂ բնակչության անվտանգությունն ու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը:

 

Բելգիան և ԵՄ-ն կշարունակեն իրենց դիվանագիտական շփումներում պնդել և գործել այս ուղղությամբ»,- ասաց նա:

Կիսվել սոց․ ցանցերում