Տեղի ունեցածին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ գրելով.
«Ջրային պարեկները կարևոր գործ են անում ու պետք է վայելեն հանրության աջակցությունը:
Սևանա լճում առաջին ջրային բախումն է եղել պարեկների ու ձկնագող խմբերի միջև: Կազմակերպված-դիմակավորված խմբեր նախ ցամաքում և ապա ջրում հարձակվել են պարեկների վրա, որ պաշտպանեն ձվադրման շրջանում ձուկ որսալու իրենց «իրավունքը»:
Բանն այն է, որ ի տարբերություն ցամաքի, ջրում, նախքան պարեկային ծառայությունը, իրավապահ մարմին ընդհանրապես չի եղել:
Ջրային պարեկայինի վաշտի ներդրումից առաջ ջրային ոստիկանությունը ուներ ընդամենը 3 ծառայող, և լճում համատարած ապօրինություն էր:
Աշխատանքային քննարկումներում «Իրազեկ քաղաքացիների միավորումով» առաջարկեցինք, որ ջրային պարեկայինը ոչ թե լինի «տուրիստիկ դեկորացիա», այլ ծառայի՝
1. ամբողջ լճում,
2. 24 ժամ,
3. տարին 12 ամիս,
4. բավարար քանակով:
Մեր առաջարկներն ընդունվեցին, և բացվեց կրիմինալի դեմ ոստիկանության պայքարի նոր՝ ջրային ճակատ: Բնականաբար, պետությունը կարող էր միջոցներ ձեռնարկել, որ ապօրինի ձկնագողությամբ զբաղվողները հեշտությամբ անցնեին օրինական ճանապարհով փող աշխատելուն:
Բայց էկոցիդի հասնող ապօրինի ձկնագողության վերջը պետք է տրվեր:
Սևանա լճում ֆաունայի պաշտպանությունը կարևոր ծառայություն է, որ ոստիկանությունը սկսել է մատուցել հանրությանը և սառը ջրում մեծաթիվ կրիմինալ խմբերի կողմից հարձակման ենթարկվող պարեկը պետք է իմանա, որ մենք բոլորս իրեն աջակցում ենք»:
