«Զիջում հօգուտ նրանց, ովքեր ավելի ու ավելի բարձր են խոսում Ռпւսшստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերությունների խզման օգտին»․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ «Սպուտնիկ Արմենիա»-ին 1 ամսով եթերազրկելու ​մասին

Երեկ, դեկտեմբերի 20-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել էր  նիստ և որոշել «Սպուտնիկ Արմենիա» ռադիոընկերության հեռարձակումը կասեցնել 30 օրով և կիրառել վարչական տույժ հասույթի 0.02%-ի չափով։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը որոշել է անդրադառնալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ «Sputnik Արմենիա» ռադիոկայանի հեռարձակումը 30 օրով դադարեցնելու որոշմանը և նախազգուշացում-հայտարարություն տարածել, ըստ որի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը կազդի հայ ունկնդրի՝ իր ընտրությամբ աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա։ «Այս քայլը չի կարող չթվալ որպես զիջում հօգուտ նրանց, ովքեր ավելի ու ավելի բարձր են խոսում Ռուսաստանի և Հայաստանի ավանդական, փոխշահավետ և փոխադարձ հարգալից դաշնակցային հարաբերությունների խզման օգտին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

Դեսպանությունը ևս մի հանգամանքի է ուշադրություն հրավիրել. Հայաստանում ռուսական ԶԼՄ-ների մասնաճյուղի հեռարձակումը դադարեցնելու մասին որոշումն ընդունվել է դեկտեմբերի 14-ին՝ ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գծով կառուցողական խորհրդակցություններից ընդամենը մեկ շաբաթ անց։

ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնում են, որ անցկացված խորհրդակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել էին սերտ փոխգործակցել և լուծել ծագող բոլոր վիճելի հարցերը։

Հիշեցնենք սակայն, որ չնայած ՀՀ ընտրված ղեկավարին և հայ ժողովրդին ծաղրող, ակնհայտ թշնամական ու ադրբեջանամետ թեզեր տարածող ռուսական հեռուստահաղորդումներից հետո որևէ հերքում կամ ներողություն չի հնչել։

Հանձնաժողովը Լսողական մեդիածառայություն մատուցող «ՏՈՍՊԱ» ՓԲ ընկերության կողմից հեռարձակվող «ՍՊՈՒՏՆԻԿ ԱՐՄԵՆԻԱ» լսողական ծրագրի ձայնագրության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է առաջին վարչական վարույթի դեպքում Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, իսկ երկրորդի դեպքում՝ Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի պահանջների խախտման հատկանիշներ:

Հանձնաժողովը Լսողական ծրագրեր հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթներ՝ հիմք ընդունելով Հանձնաժողովի կողմից Հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմված մշտադիտարկման իրականացման արձանագրությունները:

Ըստ կազմված արձանագրության՝ Ընկերության կողմից հեռարձակվող «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման 2023 թվականի նոյեմբերի 17-ի եթերի ընթացքում հաղորդման հեղինակն ու վարողը ծաղրական և նսեմացուցիչ ձևակերպումներով է անդրադարձել Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին, տալով գնահատականներ, որի բարոյական իրավունքն օտարերկրյա քաղաքացի հանդիսացող քաղաքական մեկնաբանն ու հաղորդավարը չունեն: Արձանագրվել է նաև, որ հաղորդման ընթացքում հնչեցվել է օրենսդրությամբ արգելված արարքների կոչերի տարածում:

Հարուցված երկրորդ վարչական վարույթի նյութերը ներկայացնելիս նշվեց, որ Հեռարձակողի կողմից «Աբովյան թայմ» հաղորդման հեռարձակման ընթացքում հնչեցվել են այնպիսի կարծիքներ և պնդումներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև ՀՀ ժողովրդի շրջանում առերևույթ խուճապ առաջացնող են։ Արձանագրվել է նաև, որ հաղորդման ընթացքում հնչեցվել են ոչ հավաստի կամ հավաստիության բավարար չափ չունեցող, չստուգված աղբյուրներից սնվող տեղեկություններ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում այսպես է մեկնաբանել  որոշումը. ««Սպուտնիկ Արմենիա» ռադիոընկերության հեռարձակումը կասեցվել է 30 օրով և կիրառվել վարչական տույժ հասույթի 0.02%-ի չափով։ Կարծում եմ՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կայացրել է օբյեկտիվ և արդարամիտ որոշում»։

Կիսվել սոց․ ցանցերում