ԱԺ-ում այսօր քննարկվել է ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նախագծի ներկայացումից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղեց ԲՏԱ փոխնախարար Դավիթ Սահակյանին՝ նշելով.
«Մեր նպատակը բարձր որակավորում ունեցող մասնագետներին Հայաստան ներգրավելն է, մենք խնդրում էինք, որ դա թիրախային լիներ։ Որպեսզի ՀՀ-ում շինարարությունը զարգանա, այդ մասնագետներին կարող էիք կապել իրենց բնակարանային վարձերի հետ։
Սա շատ լուրջ ու կարևոր հարց է: Դուք նորից հիմա բերում եք, ինչ-որ մաս պետք է զիջենք իրենց, այլ ոչ թե լուծենք թիրախային այն խնդիրը, որ մնացած երկրների հետ ավելի մրցունակ լինենք։ Ես ուզում եմ մի հատ հասկանամ, ինչ եք ուզում անեք»,- հարցրեց Սուքիասյանը։
Փոխնախարարն ասաց՝ տարվա ընթացքում այս ուղղությամբ չորս տարբեր նախագիծ է քննարկվել, հավաքված փորձը գույքագրել են՝ ինչը հնարավորություն է տալիս այդ հարցին ավելի գլոբալ ու թիրախային մոտենալու։
«Մենք չուզեցինք ուղղակի ժամկետների մեջ տեղավորվելու համար օրենքի նախագիծ մշակել, որը չի ուենա այդ թիրախային մոտեցումը»,- ասաց Դավիթ Սահակյանը
Սրան ի պատասխան, Սուքիասյանը նկատեց.
«Պետք չէ առաջնորդվել ընկերություններով։ Մեզ պետք են բարձր որակավորրում ունեցող մասնագետներ, ընկերությունները թող մրցակցեն իրար հետ, այդ մասնագետների համար պետք է բարենպաստ պայմաններ ստեղծենք»:
