Համոզված եմ, որ Ղшրшբшղի հարցը փակված չէ

Արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը երկար տարիներ զբաղվում էր  իրավապաշտպան, հասարակական գործունեությամբ, մամուլում եւ տարբեր հարթակներում հանդես էր գալիս Արցախի հարցի, Հայաստանի քաղաքականության վերաբերյալ հստակ դիրքորոշումներով:

Ինչո?վ է նա զբաղվում Հայաստան տեղափոխվելուց հետո:

Lragrogh.com-ի հետ զրույցում Կարեն Օհանջանյանը նշեց, որ դեռեւս ՀՀ քաղաքացիություն չի ստացել:

«Անտանելի հոգեկան ցավ եմ ապրում Լեռնային Ղարաբաղի եւ նրա քաղաքացիների նկատմամբ կատարված դավաճանության պատճառով: Չեմ հուսահատվում, փորձում եմ համագործակցել միջազգային, միջկառավարական կառույցների հետ, որպեսզի նրանց ուշադրությունը հրավիրեմ Արցախի քաղաքացիների անվտանգության խնդրի վրա, որոնք թողել են իրենց պատմական հայրենիքը` առանց լավ ապագայի հույսի: Այդ նպատակով հիմնել եմ  «Լեռնային Ղարաբաղի ազատագրման կազմակերպություն»-ը, որի նպատակն է բացառապես դիվանագիտական ճանապարհով նպաստել Արցախի քաղաքացիների վերադարձին Ղարաբաղ, հաշվի առնելով ժամանակակից իրողությունները` միջազգային հանրության աջակցությամբ փոխել Լեռնային Ղարաբաղի գոյություն ունեցող կարգավիճակը: Սա շատ բարդ աշխատանք է, բայց մենք պետք է ներգրավենք մասնագետների եւ աշխատենք այդ նպատակների իրականացման ուղղությամբ, ինչը եւ անում եմ: Համոզված եմ, որ Ղարաբաղի հարցը փակված չէ, քանի որ ԼՂՀ կոնցեպտը գաղափար է, իսկ գաղափարը չի կարելի ոչնչացնել: Ուստիեւ ժամանակի ընթացքում մենք կհասնենք ԼՂՀ-ի ճանաչման անհրաժեշտության գիտակցմանը: Թեպետ միջազգային իրավունքը չի գործում, սակայն աշխարհը փոխվում է, եւ մենք, հարմարվելով ժամանակակից պայմաններին, պետք է աջակցենք ԼՂՀ ճանաչմանը: Վստահ եմ, որ վաղ թե ուշ մենք հաղթելու ենք: Եվ այդ մասին պետք է իմանան բոլորը` թե’ հակառակորդները, թե’ բարեկամները »,- հավաստիացրեց Կարեն Օհանջանյանը:

 

Կիսվել սոց․ ցանցերում