Մի քանի օր առաջ դատարանը կայացրեց որոշում, որով կարճվեց Ռոբերտ Քոչարյանի քրգործը, կապված Սիլվա Համբարձումյանի կաշառքի հետ: Կարճվեց՝ վաղեմության ժամկետով, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ չէր առարկել եւ չէր պահանջել արդարացում:
2018-ից հետո գործնականում մոտ երեք տարի այդ գործը կազմեց Հայաստանի այսպես կոչված ներքին օրակարգի առանցքային բաղադրիչներից մեկը, ապահովել հասարակության կառավարման կարեւոր բաղադրիչներից մեկը՝ տեսարան: 2018-ից մինչեւ 2020-ի պատերազմ այդպես մի ամբողջ հանրություն զբաղվում էր տեսարաններով: «Հակահեղափոխության» մասին ինչ «սազանդարություններ» էին արվում՝ դժվար է նույնիսկ հաշվել:
Պարբերաբար խոսում էի այդ մասին, նշում, որ 2018-ին տեղի է ունեցել բացառիկ մի բան, որը իրապես փոփոխությունների հնարավորություն է, եւ այն չպետք է բերել ու «խցկել» թավիշ, թե «անթավիշ» դիլեմայի մեջ, դա չունի հեռանկար, դա անծայր թել է, որ բռնած գնալու ես անվերջ, բայց դեպի լաբիրինթոս, ոչ թե դրանից դուրս:
Պայթեց պատերազմը, ու առանցքային պատճառը ոչ թե այն էր, որ այդպիսին էր մնացած ժառանգությունը, այլ՝ որ 2018 թվականից ի վեր մի ամբողջ հանրային ու պետական կյանքի օրակարգ կառուցված էր տեսարանային տրամաբանության վրա, այլ ոչ թե հանրային ու պետական որակները փոխելու գործնական աշխատանքի՝ թե պետական կառավարման, թե մնացյալ քաղաքական ու հասարակական տիրույթներում:
Բուն խնդիրը սակայն այն է, որ այսօր էլ մեր հանրային-պետական կյանքը այլ ռեժիմում չէ, քան նույն՝ «տեսարանային ապահովման» համատարածությունը:
