Մոսկվան կարծում է, որ ԱՄՆ-ը դեմ չի լինի Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելուն:
Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ամփոփելով 2023 թվականի արդյունքները:
Գալուզինը խոսել է նաև Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների հեռանկարների, Հայաստանում ռուսական ռազմաբազայի ապագայի մասին:
«Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական ռազմաբազային՝ դեկտեմբերի 28-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մանրամասն մեկնաբանել է այս թեման։ Դրա տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին՝ ելնելով երկու պետությունների ազգային շահերից։
Այս փաստաթղթի 26-րդ հոդվածի համաձայն՝ մեր զինծառայողների գտնվելու ժամկետը 49 տարի է, որից հետո պայմանագիրը ավտոմատ կերպով երկարաձգվում է հինգ տարով։ Ռուս զինվորներն ու սպաները շարունակում են արդյունավետորեն ապահովել խաղաղությունն ու անվտանգությունը ոչ միայն Հայաստանում, այլև կայունությունը՝ ամբողջ Հարավային Կովկասում։
Հանրապետությունում մեր ռազմական ներկայության վերաբերյալ ցանկացած քննարկում մենք համարում ենք վնասակար և անտեղի»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ այս մասին ավելի վաղ խոսել էր նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ կրկին նշելով, որ Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի տեղակայման նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները Ռուսաստանի Դաշնությունը վնասակար է համարում:
