ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին՝ Պետրոս Մարտիրոսյանին:

Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել  Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի տեղակալ Արման Դանիելյանին վերջին ամիսներին աշխատանքները համակարգելու համար և շնորհավորել նորանշանակ ղեկավարին:

«Մենք երկար քննարկումներից հետո որոշում ենք կայացրել պարոն Մարտիրոսյանին նշանակել Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար: Քննարկումները երկար էին, որովհետև մեզ անհրաժեշտ էր կայացնել այնպիսի որոշում, որի արդյունքում կկարողանանք լուծել այն խնդիրները, որոնք իրականում այսօր քիչ չեն տեսչականների ուղղությամբ: Իհարկե, գրասենյակը, հատկապես վերջին ամիսներին  բավականին աշխատանք է կատարել, բայց կարծում եմ՝ տեմպերն ավելացնելու և արդեն լուծումներ տալու խնդիր ունենք: Նախ մինչև այդ, պարոն Դանիելյան, Ձեզ եմ ուզում շնորհակալություն հայտնել այս ամիսներին բավականին մեծ աշխատանք կատարելու և գրասենյակը համակարգելու համար: Վստահ եմ, որ  պարոն Մարտիրոսյանի հետ Ձեր կարողությունների և  հնարավորությունների համընկնումը շատ լուրջ հնարավորություն կտա, որպեսզի տեսչական մարմինը ճիշտ ուղղությամբ աշխատանքներ իրականացնի:

Պարոն Մարտիրոսյան, շնորհավորում եմ Ձեզ նշանակման առիթով: Վստահ եմ՝ այն խնդիրները, որոնք արդեն քննարկել ենք և Ձեր առջև դրվել են, առաջիկայում լուծումներ կստանան: Ձեր մեծ փորձը, այն ոլորտում, որտեղից գալիս եք՝ Գլխավոր դատախազությունից, և այն ուղղությունները, որոնք համակարգել եք, թույլ կտան նաև այստեղ կուտակված կարողությունների համադրմամբ լուրջ առաջընթաց ունենալ՝ տեսչական մարմինների համակարգման,  լիազորությունների մեծացման, գործիքների ավելացման ուղղությամբ: Վստահ եմ, որ այն կամային հատկանիշները, որոնք ունեք և դրսևորել եք ձեր ոլորտում, այստեղ վստահաբար շատ պետքական են, և որոշումը, որը կայացրել ենք, նաև պայմանավորած է դրանով», — ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/b4ae9f56534c960e74f9bd4cf04a7fa7

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Կիսվել սոց․ ցանցերում