ՀԱՊԿ-ը երբևէ չի ճանաչել ՀՀ սահմանը, և սա շատ լուրջ խնդիր է. Արմեն Գրիգորյան

«Մոսկովյան բանակցությունների հիմքում ընկած է եղել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը»:

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ մինչև այժմ հայկական կողմը որևէ բացատրություն չի ստացել, թե ՌԴ խաղաղապահների ներկայությամբ ինչպես է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցել էթնիկ զտում:

Դիտարկմանը, թե այդ մասին բազմիցս խոսվել է ամենաբարձր մակարդակով, որ Հայաստանն է ճանաչել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, Գրիգորյանը պատասխանել է. «ՌԴ նախագահը 2020 թվականի դեկտեմբերին և հունվարին հարցազրույցներ է տվել և ճանաչել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում: Այսինքն՝ մինչ այդ ՌԴ-ն ինքն էր ճանաչում: ՌԴ-ն ունեցել է նոյեմբերի 9-ի համաձայնագիր և պարտավորություն ուներ ապահովել ԼՂ հայերի անվտանգությունը»:

Հարցին՝ ՀԱՊԿ-ից, այնուամենայնիվ, Հայաստանը հրաժարվո՞ւմ է, թե՞ ոչ, Արմեն Գրիգորյանը պատասխանել է՝ որևէ ակնկալիք չկա ՀԱՊԿ-ից:

«Որևէ ակնկալիք չունենք, որովհետև 2022 թվականի սեպտեմբերին, երբ լայնածավալ հարձակում է տեղի ունեցել ՀՀ-ի վրա, ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին՝ ակնկալելով օգնություն, որպեսզի պաշտպանի իր սուվերեն տարածքը: Մենք որևէ ադեկվատ արձագանք ՀԱՊԿ-ից չենք ստացել և հասկացել ենք, որ մենք չենք կարող որևէ ակնկալիք ունենալ ՀԱՊԿ-ից: Երբ որ հայտարարություն կանեն և գնահատական կտան, կպաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը և այն սահմանները, որ ՀՀ-ն ունի, այն ժամանակ կհասկանանք, թե ինչ ենք անում»,- ասել է նա:

Վերջինս նաև նկատել է՝ երբ ՀԱՊԿ դիտորդները փորձում էին գալ, և նրանց հարցրել են՝ գալիս եք ո՞ր սահմանը պաշտպանելու, նրանք որևէ հստակ պատասխան չեն տվել. «Այսինքն՝ ՀԱՊԿ-ը երբևէ չի ճանաչել ՀՀ սահմանը, ՀԱՊԿ-ը չի ճանաչել իր պատասխանատվության գոտին մեր տարածաշրջանում, և սա շատ լուրջ խնդիր է ՀՀ-ի համար»:

Կիսվել սոց․ ցանցերում