Ցավոք, Հայաստանն ու Ադրբեջանը գոնե մինչև այս պահը հիմնականում խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով: Պետք չէ ժխտել, որ Հայաստանում և Ադրբեջանում կան և կլինեն ուժեր, որոնք ՀՀ-ից ու Ադրբեջանից դուրս էլ շահագրգռված չեն խաղաղությամբ:
Այս մասին այսօր Գավառում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս պարագայում շատ կարևոր է երկրների առաջնորդների դիրքավորումն ու խոսույթը, որը նրանք օգտագործում են:
«Որովհետև, դու երբեք չես կարող, առավելևս երկարատև թշնամանքի պայմաններում, ապահովել, որ Հայաստանում և Ադրբեջանում չլինեն մարդիկ, որոնք այս տրամաբանությանը դեմ կլինեն: Բայց այլ բան է, թե ինչ է հնչում այսօր ամենաբարձ մակարդակից, դա է ցույց տալիս, թե խաղաղության ձգտման ճանապարհին որքանով ենք մենք անկեղծ:
Եվ ես կարծում եմ, որ սա արդեն մի հարց է, որը վերաբերվում է ինձ և Ադրբեջանի առաջնորդին: Սա մեր լուծելու հարցն է: Պարզ է, որ բազմաթիվ բարդություններ են լինելու, բայց հարցն այն է, մենք գնո՞ւմ ենք դրանք հաղթահարելու ճանապարհով, թե չենք գնում:
Եթե պետք լինի, ես կարող եմ հարյուրավոր ելույթներ ցույց տալ, այդ թվում Ադրբեջանի ղեկավարության շուրթերից հնչած, որոնք խոչընդոտ են խաղաղության համար: Նույնն էլ Ադրբեջանը կարող է ասել մեզ համար: Բայց ըստ էության, այս պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերվել, այն կետն են, որի վրա նոր իրականություն պետք է կառուցել՝ նոր հասկացություններով, նոր բառամթերքով, նոր տրամաբանությամբ, նոր բանաձևերով:
Եվ գոնե ես գնում եմ այդ ճանապարհով և հույս ունեմ, որ նույն ճանապահով կգնա նաև Ադրբեջանի ղեկավարը»,- ասաց վարչապետը:
