«Ոչ, Ռուսաստանը որևէ ձևով չի խանգարում մեզ ակտիվ դիվանագիտական ջանքեր գործադրել, որոնք, կարծում ենք, անհրաժեշտ են Ադրբեջանին և Հայաստանին, և մենք կշարունակենք հետամուտ լինել դրանց»: Ո՞վ է այս հայտարարության հեղինակը: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, որն այդ հայտարարությունն արել է տասն օր առաջ:
Հիմա պատկերացնենք, որ Միլլերը հայտարարում էր՝ «Ռուսաստանը խանգարում է մեզ»: Պատկերացնում եք չէ՞, թե ինչ աղմուկ էր ծավալվելու Հայաստանում, ինչպես էր «ծփալու» Ֆեյսբուքն ու Յություբը:
Բայց, Միլլերը հանկարծ հայտարարում է, որ Ռուսաստանը չի խանգարում ԱՄՆ-ին: Իսկ որպես կանոն, հայկական մեդիափորձագիտական տարածությունում, յութուբ-ֆեյսբուքյան բարձրադիր ու ցածրադիր գոտիներում էական հայտարարությունները չէ, որ ստեղծում են եղանակ:
Մինչդեռ, Միլլերն ասում է էական բան: Եվ կասկած չկա, որ խանգարելու դեպքում պետքարտուղարության թե խոսնակը, թե որեւէ այլ պաշտոնյա ամենեւին չէր զլանա հայտարարել այդ մասին: Ավելին, կանեին դա թերեւս փութով: ԱՄՆ պաշտոնյաները Ռուսաստանի հանդեպ հայտարարությունների հարցում կաշկանդված չեն որեւէ դիվանագիտական կամ այլ քաղաքավարությամբ, եւ շատ վաղուց:
Հետեւաբար, երբ Միլլերն ասում է, որ Ռուսաստանը չի խանգարում, ուրեմն՝ դա այդպես է:
Սրա մասին ինքս խոսում եմ ամիսներ շարունակ, նշելով, որ Ռուսաստանը բոլորովին դեմ չէ այստեղ արեւմտյան, մասնավորապես ամերիկյան աշխուժությանը եւ դրանից բխող պատասխանատվությանը: Իսկ դրա էական պատճառներից մեկն այն է, որ, ինչքան էլ չհնչի տարօրինակ, Ռուսաստանը հենց ԱՄՆ-ին է տեսնում այս ռեգիոնում բրիտանական՝ առավելապես թավշյա գերաշխուժությունը զսպելու հարցում առավել կենսունակ եւ շահագրգիռ «խաղակից»:
Սա չի նշանակում, որ Ռուսաստանն ու ԱՄՆ մրցակիցներ չեն, այդ թվում Կովկասում: Մրցակիցներ են, սակայն աշխարհաքաղաքականությունը, ինչպես բազմիցս ասել եմ, միագիծ սեւ-սպիտակը չէ, այլ՝ բոլորը բոլորի դեմ կռվի եւ բոլորը բոլորի հետ աշխատանքի «միքսը»:
Ահա թե ինչու է ապաքաղաքականություն՝ Հայաստանի անելիքը այսպես ասած այս կամ այն արտաքին ընտրության տրամաբանությամբ դիտարկելը, ընդ որում՝ վտանգավոր ապաքաղաքականություն:
Հ. Գ. զանազան «ֆան-ակումբների» ներկայացուցիչներին խնդրում եմ դրոշներն ու շեփորները ծածանել այս պատից հեռու:
